Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարտությունն իմանալը մարդկանց վրա ծանր բեռ է դնում

Սեպտեմբեր 06,2023 14:30

Հենց այդ պատճառով մարդիկ միանգամայն գիտակցաբար գերադասում են ճշմարտությունը «չիմանալ»

1932 թվականին գերմանացի պատմաբան Կարլ Յասպերսը, հանդիպելով փիլիսոփա Մարտին Հայդեգերին, հարցնում է. «Ինչպե՞ս կարող եք համակրել այդ անգրագետին»: Խոսքը, բնականաբար, Հիտլերի մասին էր: Հայդեգերի պատասխանն էր. «Գրագիտությունն այստեղ կապ չունի: Դուք նայեք նրա ձեռքերին»: Փիլիսոփան, հավանաբար, նկատի ուներ նացիոնալ-սոցիալիստների առաջնորդի խարիզման: Իրականում Հայդեգերն այն ժամանակ իսկապես կարծում էր, որ հրեականությունը, քրիստոնեությունը եւ կոմունիզմը (որոնք նույն շարքի երեւույթներ էր համարում), այն չարիքն են, որը մարդկությանը տանում է սխալ ճանապարհով, իսկ ահա իր ազգն առաքելություն ունի աշխարհն այդ չարիքներից ազատելու:

20-րդ եւ հատկապես 21-րդ դարերում հաճախ է խոսվում «զոմբիացման», զանգվածների բթացման, «ուղեղների լվացման» մասին, որոնք բերում են աղետալի հետեւանքների: Որպես «առաջին մոտեցում», մակերեսային բացատրություն՝ այդ դատողություններն, իհարկե, ընդունելի են: Կա, սակայն, վերլուծության հաջորդ մակարդակը, որը կասկածի տակ է դնում այն պնդումը, թե հազարավոր կամ միլիոնավոր մարդիկ հանկարծ հայտնվում են խարիզմատիկ առաջնորդի հիպնոսի տակ, եւ դրանով առաջին պլան է մղվում ենթագիտակցությունը: Նման տեսակետի համաձայն, այդ հազարներն ու միլիոնները, այսպես ասած, «կիսաքնած վիճակում» ենթարկվում են այդ աճպարարի ձեռքի շարժումներին:

Իրականում խնդիրն ավելի խորն է: Հիտլերի իշխանության գալուց հետո գերմանացիների համար աստիճանաբար փակվեցին ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրները, եւ մարդիկ կարող էին ծանոթանալ միայն գեբելսյան քարոզչության «նմուշներին»: Ենթադրենք, նրանք 1933-45 թվականներին «զոմբիացած էին»: Բայց  չէ՞ որ մինչեւ 1933 թվականը նրանք կարող էին կարդալ տարբեր թերթեր, լսել տարբեր հռետորներին, անդամակցել տարբեր կուսակցություններին: Հապա ինչո՞ւ նրանք գնացին ամենահրեշավոր գաղափարների հետեւից:

Պատասխանի իր տարբերակը տալիս է մեկ այլ գերմանացի փիլիսոփա՝ Թեոդոր Ադորնոն՝ 1951 թվականին լույս տեսած իր գրքում, որը խորհրդանշական անուն է կրում՝ «Minima moralia. մտորումներ վնասված կյանքից»: Ադորնոն փորձում է հասկանալ, թե ի՞նչը գերմանացիներին բերեց-հասցրեց 1933 թվականի ընտրությանը: Եվ նրա եզրակացությունն այն է, որ նրանք ամեն ինչ շատ լավ ԳԻՏԵԻՆ, բայց չիմանալու տեղ էին դնում: Նրանք չէին հավատում այն բաներին, որոնց չէին ուզում հավատալ, որովհետեւ այդպես ավելի հարմար էր, որովհետեւ ճշմարտությամբ առաջնորդվելը ծանր գործ է, եւ դա մարդկանց վրա հավելյալ պատասխանատվություն է դնում:

Մոտավորապես նույն մեխանիզմն է գործում ժամանակակից Ռուսաստանում: Մարդկանց մեծամասնության համար բացարձակապես դժվար չէ տեղեկություններ ստանալ այն մասին, թե ինչ է իրականում կատարվում Ուկրաինայում: Նրանք շատ լավ ԳԻՏԵՆ, որ իրենց երկիրը առանց որեւէ պատճառի հարձակվել է հարեւան պետության վրա: Բայց նրանք, որպես կանոն, հանդես չեն գալիս պատերազմի դեմ ոչ միայն այն պատճառով, որ վախենում են բռնաճնշումներից (որոնք Ռուսաստանում միանգամայն իրական են): Նրանք վախենում եմ նաեւ բարոյական տեռորից, որը ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում կազմակերպելը բավականին հեշտ է: Եվ սեփական խղճին դեմ գնալը նրանք արդարացնում են կամ, հավանաբար, ավելի ճիշտ կլինի ասել՝ «ինքնարդարացնում են» այն կլիշեներով, որոնք մատուցում է պաշտոնական քարոզչությունը. «Հատուկ ռամական օպերացիա՝ հանուն դենացիֆիկացիայի», «Ուկրաինան ուզում էր ՆԱՏՕ-ի անդամ դառնար եւ հարձակվեր», «Ուկրաինական սագերը հատուկ Ռուսաստանում թագավարակ էին տարածում», «Ուկրաինան ցանկանում էր ատոմային ռումբ ստեղծել», «8 տարի ռմբակոծում էին Դոնբասը» եւ այլ անհեթություններ:

Նույն մեխանիզմը գործում է նաեւ հայաստանյան մեծամասնության պարագայում: Այնպես չէ, որ մարդիկ չեն տեսնում Հայաստան պետության գահավիժումը, որը ներկայիս իշխանության քաղաքականության արդյունք է: Բայց դրան չհակադրվելու համար նրանք ունեն ինքնարդարացումների «պաշտոնական փաթեթը». «Ղարաբաղցիները 30 տարի թալանել են Հայաստանը», «Մեկ է, ոչ մի բան հնարավոր չէ անել», «Ի՞նչ է՝ ուզում եք, որ Քոչարյանը վերադառնա՞», «Արցախ փրկո՞ղ եք, գնացեք Լաչին՝ փրկեք», «Մեր վարչապետին դեմ գնացողները Ռուսաստանի գործակալներ են»: Մարդիկ գիտեն, որ այդ ամենը սուտ է: Պարզապես նրանց հարմար է ապրել ստի մեջ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    ‘ … իրենց երկիրը առանց որեւէ պատճառի հարձակվել է հարեւան պետության վրա’

    We may agree or disagree with the Russian invasion of Ukraine, but to say that it was without any reason/cause is inaccurate, at best. I’m not referring to the official ‘denazification’ propaganda but rather to the real geopolitical rivalry with the West.

    Everything else in this analysis is, as usual, top quality and very informative.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930