Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Էրեբունի վարչական շրջանում:
Կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանին մոտեցավ մի քաղաքացի եւ տվեց մի ծրագիր՝ ասելով. «Մենք առաջարկում ենք անվճար տրանսպորտ, կարող եք ընդգրկել ձեր պայքարում»: Թանդիլյանը շնորհակալություն հայտնեց ու խոստացավ ծանոթանալ՝ հետագայում դրա իրատեսական լինելը հեղինակների հետ քննարկելու համար:
Կարդացեք նաև
Էրեբունիում երեխաները շրջապատել էին Մանե Թանդիլյանին ու ոգեւորված ուզում էին մասնակցել նկարահանումներին՝ մեկը մյուսին հերթ չտալով, թե՝ «ինձ էլ նկարեք, ինձ էլ, չմեռանք՝ աստղ էլ դարձանք»:
Մի բնակիչ մոտեցավ Մանե Թանդիլյանին ու ջերմ խոսքեր ասաց: Մեր հարցին՝ ո՞նց եք վերաբերվում, որ քաղաքապետը կին լինի՝ նա պատասխանեց. «Կինը հիմա ավելի կարեւոր է, քան թե տղամարդը»:
Ուշագրավ է, որ Մանե Թանդիլյանը արեւելյան մարտարվեստով է զբաղվում, ուստի լրագրողների հետ զրույցում հարցին, թե կարատեն ինչքանո՞վ կօգնի քաղաքապետի պաշտոնում՝ Թանդիլյանը պատասխանեց. «Առնվազն չի խանգարի հաստատ: Առիթ ունեցել եմ կիրառելու իմ հմտությունները ոչ վաղ անցյալում՝ երիտասարդ ժամանակ, իհարկե, բայց դա ավելի շատ այն մասին է, որ դու դա կարողանում ես, քան կիրառման: Երբ իմանում են, որ դու դա կարողանում ես, այլ կերպ են հարաբերվում, շփվում քեզ հետ: Իմ մասին բացահայտումներ շատ կան: Ես սպորտը բարձր եմ գնահատում եւ շատ տեղ եմ տալիս սպորտին, բոլորի կյանքում դա շատ կարեւոր է, նաեւ, ինչու ոչ, արեւելյան մարտարվեստին, որովհետեւ դա ոչ միայն ինքնապաշտպանություն է, հոգեպես էլ ես ամրապնդվում: Ես կոչ եմ անում աղջիկներին եւ տղաներին զբաղվել մարտարվեստով»:
Հարցին՝ քաղաքապետարանում դրա կարիքը կա՞՝ նա պատասխանեց. «Դե ընդդիմությունը վերջում է նստում, եթե չեմ սխալվում, այնպես որ կարող են հանգիստ նստել վերջում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ