Աշխարհաքաղաքական բարդ ժամանակներում, երբ վտանգված են մեր երկրի սահմանները, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Գագիկ Խաչատրյանի համոզմամբ պետք է աշխատել եւ արարել։ Հաշվի առնելով այս սկզբունքը՝ ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում սեպտեմբերի 5-ին բացվեց խելացի գյուղատնտեսական կենտրոնի մեխանիկատրակտորային կայանը։ Շենքը, տարածքը, գյուղգործիքները, տեխնիկայի ձեռք բերման ծախսերը հոգացել է Ճապոնիայի դեսպանությունը։
«Ագրարային համալսարանը արդեն երկրորդ տարին է, ինչ սկսել է խելացի գյուղատնտեսական կենտրոնի կառուցումը։ Ավարտվել են տրակտորային կայանի, խելացի անասնագոմի, ինտեսիվ այգու եւ առաջին ջերմատան աշխատանքները։ Շարունակվում են մյուս ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման աշխատանքները։ Կենտրոնը նորություն է գյուղատնտեսական մասնագետների պատրաստման ոլորտում ոչ միայն Սյունիքում, այլ ամբողջ Հայաստանում»,-ասաց Գագիկ Խաչատրյանը։
Կարդացեք նաև
Հայաստանում Ճապոնիայի լիազոր եւ արտակարգ դեսպան Մասանորի Ֆուկուսիման ելույթ ունեցավ հայերեն։ Դեսպանը ուրախ է՝ որ կենտրոնը հնարավորություն կտա բարձրացնելու նաեւ 250 ֆերմերի արտադրողականությունը։ «Քանի որ գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության ճյուղերից մեկն է, լիահույս եմ, որ այս ծրագիրը նպաստելու է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը»,-համոզված է Մասանորի Ֆուկուսիման։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը կարեւորում է Սյունիքում՝ գյուղատնտեսության զարգացումը, սակայն նշում, որ մասնագետների կարիք կա։ «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր նպաստել են այս կարեւոր ծրագրի, Սիսիանի համար գուցե նաեւ պատմական նախաձեռնության աջակցմանը»,-շեշտեց մարզպետ Ղուկասյանը։
Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ագրարարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի նախկին տնօրեն Տիգրան Վանդունցը անկեղծանում ՝ հեռավոր 2020-2021թթ-ին երբ նախագծում էին այս ծրագրային առաջարկը, այն մի փոքր անհավանական էր թվում։ Իսկ հիմա ուրախ է, որ կազմակերպությունները հավատացին եւ իրականացվեց։ Հայաստանի ազգային ագրարարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը հիշում է խելացի կենտրոնի կառուցման աշխատանքը, որը հեշտ չէր։ «Տեսանք քովիդ, տեսանք պատերազմ, ունեցանք տեխնիկական որոշ դժվարություններ, բայց այսօր բացում ենք կենտրոնը, որը ուսումնական ու վերապատրաստման ժամանակակից կենտրոն է լինելու։ Այն իր դերն ու նշանակությունն է ունենալու Սյունիքի գյուղատնտեսության զարգացման համար»,-մասնավորապես նշեց Վարդան Ուռուտյանը։
Ավանդույթի համաձայն, ագրարային համալսարանի ռեկտորը նվերներ ու շնորհակալագրեր հանձնեց այն մարդկանց, որոնք նպաստել են կենտրոնի ստեղծմանը։ Նվերների արժանացան Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուսիման, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը եւ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ