Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե երկրի առաջին, երկրորդ դեմքերն են մարդու վրա թքում, ի՞նչ ակնկալես պարեկից»․ Կարապետ Պողոսյանը՝ աղմկոտ տեսանյութի մասին

Սեպտեմբեր 05,2023 22:10

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր ֆեյսբուքյան էջում հայտնված տեսանյութը, որտեղ պարեկները իր իրավունքները պաշտպանող տաքսու վարորդի ու բոլոր գյումրեցիների հասցեին այլասերված հայհոյանքներ են հնչեցնում, իրեն է հասել օրինական ճանապարհով։

Ավելին, այն տրամադրել է հենց ոստիկանությունը՝ ուղարկելով դատարան, որտեղ քննվում է տաքսու վարորդի հայցը պարեկների դեմ։

Բանն այն է, որ քաղաքացին դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով առ այն, որ պարեկները իրեն կամայականորեն են կանգնեցրել ու ակտ գրել։ Պարեկային ծառայությունն իր հերթին քաղաքացուն մեղադրել է խուսափելու, իրեն չտուգանելու համար պարեկներին կաշառք առաջարկելու մեջ։

Ոստիկանությունն էլ առանց ստուգելու, լկտի հայհոյանքներով շաղախված այդ տեսանյութն ուղարկել է դատարան և բողոքող կողմին։

«Քանի որ խնդիրը շատ մեծ է, ցույց է տալիս պարեկային ծառայության անգրագիտությունը, ոչ կոմպետենտ լինելը, ինչպես նաև ոչ վերահսկելի լինելը, ճիշտն ասած որոշեցի՝ ինչքան էլ տհաճ էր նյութը, ինչքան էլ հաճելի չէր, մանավանդ այս օրերին, երբ բոլորիս ուշադրությունը, հնարավորություններն ավելի շատ ուղղված են երկրի փրկությանը, Արցախի փրկությանը, 120 հազար սոված մարդկանց, պարեկների ժամանակը չէր, բայց բոլոր դեպքերում հասկանալով հետագա բոլոր վտանգները՝ որոշեցի՝ արժե անպայման տարածել տեսանյութը և դրանով իսկ որոշակի հարց բարձրացնել։

Ցավոք սրտի, ոստիկանությունը որևէ գործողություն չի անում իրապես բարեփոխվելու, որևէ գործողություն չի անում իր մեջ ծագած խնդիրները լուծելու և շատ հաճախ եթե ինչ-որ բան հնարավոր է փոխել, հնարավոր է միայն հասարակական աղմուկ բարձրացնելու միջոցով։

Տեսանյութում ինձ համար զայրույթ առաջացնող էր նախ իրենց շատ սանձարձակ ու անհանդուրժող լինելը, նաև ատելությունը, որովհետև տեսանյութի հենց սկզբում վարորդին ասում է, եթե տեսախցիկ չլիներ դոշիս, քեզ էսպես, էնպես կանեի։ Էդ պահից սկսած երևում է, որ այդ մարդը չի կարող ոստիկանական համակարգում աշխատել, չի կարող լինել պետության անունից ծառայող անձ։ Անկախ ամեն ինչից՝ ոստիկանն առաջին հերթին ինքը պետք է լինի հանդուրժող։

Որ նայում ենք, տեսնում ենք մեծ ատելություն մեր մարզի բնակչության և առհասարակ գյումրեցիների նկատմամբ, ինչպես նաև հայհոյախառն սպառնալիքներ տաքսիստների նկատմամբ, ընդ որում մի հոգու կողմից չէ, այլ երկու աշխատակցի կողմից։

Իսկ սա խոսում է այն մասին, որ համակարգում իրականում կա ատելություն և չկա պատրաստակամություն ծառայել հայ ժողովրդին և Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Ցավոք սրտի, այսօր այդ ծառայությունը դարձել է պատժիչ և տուգանող մի մարմին»։

Կարապետ Պողոսյանը նշում է՝ ստեղծվել է մի մարմին, որն անմիջականորեն լինի կատարող, դառնա ներկայիս գործող վարչակազմի պատժիչ ուժը՝ քաղաքացիներին ճնշելու, տուգանելու, բռնության ենթարկելու համար։

«Ես երեկվա արձագանքներից մի բան էլ հասկացա, այդ բուռն արձագանքները, բուռն ֆեյսբուքյան հայհոյանքները ոչ թե ուղղված էին կոնկրետ այդ երկու երիտասարդի սանձարձակությանը և լկտիությանը, այլ ուղղված էին հենց ծառայության դեմ և ուղղված էին հենց երկրի քաղաքական վարչակազմի դեմ։

Պարեկային ծառայությունն ինքն անմիջականորեն կապվում է Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետև ժամանակին Փաշինյանն էր բարձրաձայնում, գոռում, թե տեսեք՝ ես ինչ եմ արել։ Նույնիսկ իր ասուլիսներից մեկի ժամանակ առանձին հիացմունքով էր խոսում պարեկային ծառայության մասին։ Եվ երեկվա դժգոհությունները ուղղված էին հենց իր գործողությունների դեմ, իր գործունեության և առհասարակ որպես կառավարության ներկայացուցչի դեմ»։

Մեր զրուցակիցն ասում է՝ երեկվա արձագանքներից հասկացել է, որ հասարակության մեջ կա չափազանց ագրեսիվ էներգիա, որը կարող է ինչ-որ մի պահի պայթել և լուրջ փորձանք դառնալ հենց մեր պետականության, պետության համար, որը շատ վտանգավոր է։

«Պարեկը ժողովրդի մասին արտահայտվում է նույն կերպ, ինչ արտահայտվում է երկրի քաղաքական ղեկավարությունը։ Մենք չենք կարող մոռանալ չէ՞, որ ամիսներ առաջ Ազգային ժողովի նախագահի թիկնապահները մարդուն բռնել էին, որպեսզի ԱԺ նախագահը թքեր էդ մարդու վրա։ Ինչ-որ պատասխանատվություն եղա՞վ, ընդամենը հայտարարեցին, որ էմոցիաների վրա ինչ-որ գործողություններ է կատարել, որը հնարավոր է նաև սխալվել է։

Ես էդպես ընկալեցի իրենց հայտարարությունները, իսկ եթե երկրի թիվ 1, թիվ 2 դեմքերը կարող են թույլ տան իրենց հայհոյանքներ, անպարկեշտ գործողություններ, շարքային պարեկից ինձ թվում է չարժե ավելին ակնկալել», ասում է Կարապետ Պողոսյանը։

Պարեկներից մեկը Աշոցքից է, մյուսը՝ Արթիկից, իսկ տաքսու վարորդը Աշոցքի բնակավայրերից է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930