Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոցապնախարարին իրենց հետ ման են տալիս՝ պատմելով, որ գումար են տալու, վարկերն են ջրելու թոշակն են բարձրացնելու, սա խայտառակություն է». Թանդիլյանը՝ խախտումների մասին

Սեպտեմբեր 05,2023 21:50

Այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավ իրականացրեց Էրեբունի վարչական շրջանում:

Կուսակցության նախագահ, քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ խնդիրներ են մատնանշում երեւանցիները քարոզարշավի ժամանակ. «Խնդիրները բազմաթիվ են՝ ներառյալ քաղաքային եւ քաղաքական: Բայց մարդկանց սկսել է անհանգստացնել այս ահագնացող ատելության, հակաքարոզի, ֆեյքապետության առկայությունը, որովհետեւ ինչքան ընտրությունները մոտենում են ավարտին, այնքան իշխող ուժը ավելի է կատաղում իր մոտալուտ պարտությունից եւ դրա արդյունքում պահվածքը փոխվում է, նաեւ հռետորաբանությունն ու գործիքակազմն է փոխվում:

Մարդիկ փորձում են հասկանալ՝ վերադառնալո՞ւ է այս ատելության, թույնի մթնոլորտը, թե՞ ոչ: Մենք երեւանցիներին ասում ենք, որ այդ դաշտում չենք պայքարում, որովհետեւ պիտի վեր կանգնենք այդ ճղճիմ ներանձնական խնդիրներից: Մենք բարձր ենք լինելու դրանից եւ մեր հայրենակիցներին ուղղակի ասում ենք՝ դուք կարող եք այդ մաղձից, իշխանական ֆեյքապետությունից ազատել Երեւանը՝ այս ընտրությունների միջոցով»:

Էրեբունի վարչական շրջանում «Ապրելու երկիրը» երկրորդ անգամ է այցելում քարոզարշավի շրջանակներում: Առաջին անգամ Սարի թաղում մի տարեց կին Մանե Թանդիլյանից աթոռ էր ուզել, որ 46 համարի կանգառում նստի ու երթուղային սպասի: Հարցրեցինք՝ աթոռի հարցը լուծվե՞ց՝ Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ նախընտրական փուլում նման բան չեն կարող անել, որովհետեւ դա կարող է դիտվել որպես ընտրակաշառք ու չարաշահում. «Ինչը անում է այսօրվա իշխանությունը եւ ուղիղ է անում, ինչը համարվում է կաշառքի խոստում, մենք դա չենք անում, բայց այդ կնոջն ասել ենք` սեպտեմբերի 18-ից սպասեք, մենք այդ հարցը կլուծենք: Դա շատ հեշտ ու արագ լուծելի հարց է՝ րոպեների ընթացքում, ուղղակի ցավում եմ, որ այդ հարցը կա: Մեր հայրենակիցները պիտի իմանան, որ այդպիսի կաշառքի խոստումներով, ոնց որ հիմա իշխանությունն է անում, մենք չենք շարժվելու, սոցապնախարարին իրենց հետ ման են տալիս՝ պատմելով, որ վաղը իրենց սոցիալական խնդիրները լուծելու են, գումար են տալու, վարկերն են ջրելու թոշակն են բարձրացնելու: Սա խայտառակություն է, ընտրակաշառքի խոստում է, ինչն անում է իշխանությունը»:

Էրեբունիում խմելու ջրի խնդիր կա, մարդիկ ստիպված գնում են ջուրը խանութից: Այս առնչությամբ հարցին ի պատասխան՝ Մանե Թանդիլյանն ասաց. «Իսկապես, Էրեբունիում ջրի հարցը ողբալի է, բացի այն, որ խնդիրը պետք է համակարգային լուծվի, մենք ֆիլտրեր ենք տեղադրելու, որոնք մաքրելու են ջուրը: Մարդիկ վերջապես կարող են նորմալ ջուր ունենալ: Ես ցավում եմ, որ Հայաստանի պես երկրում, որտեղ ջուրը հարստություններից մեկն է, մեր հայրենակիցները խմելու եւ ոռոգման ջրի խնդիր ունեն: Սա ուղղակի կառավարել չկարողանալու մասին է, չարիքի իշխանության մասին, ուրիշ ոչինչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930