Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Հայաստանի օրենսդրությունից դուրս. Անդրանիկ Թևանյան

Սեպտեմբեր 05,2023 21:45

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընդառաջ այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց «Մայր Հայաստան» դաշինքի և «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության միջև: Նախքան հուշագրի ստորագրումը, որով ՀԿ-ն սատարում է «Մայր Հայաստան» դաշինքին, «ԱԱԾ պահեստազորի սպաների միության» նախագահ, գեներալ-լեյտենանտ Հրանտ Եպիսկոպոսյանը ողջունեց Անդրանիկ Թևանյանին ու դաշինքի մյուս ներկայացուցիչներին։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ շատ խորհրդանշական է, որ համագործակցության հուշագիր է ստորագրվում «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հետ: Նրա խոսքով այդպիսով նաև ուղերձ են հղում հանրությանը, որ չափազանց կարևորում և այս ընտրություններում էլ թիվ 1 խնդիր են դիտարկում անվտանգության մարտահրավերների հաղթահարումը: Անվտանգության խնդրի հաղթահարումով է նաև պայմանավորված, որ մեր երկիրը հնարավորություն ունենա պահպանել իր պետականությունը և ապահովել զարգացում և իրական խաղաղություն մեր պետության ու ժողովրդի համար:

«Մենք կարծում ենք, որ Հայաստանի անվտանգության խնդիրների հաղթահարման կարևորագույն նախապայմանը ամբողջական իշխանափոխությունն է: Եվ, մայրաքաղաքի ավագանու ընտրություններին մասնակցելով, նաև այդ խնդիրն ենք լուծում, ու կարծում ենք, որ մայրաքաղաքում իշխանափոխությունը հնարավորություն կտա և մեկնարկ կլինի ամբողջական իշխանափոխության համար»,-հայտարարեց Անդրանիկ Թևանյանը:

Դրանից հետո, ինչպես նշեց «Մայր Հայաստանի» առաջնորդը, կձևավորվի նոր կառավարություն, իսկ կառավարության ձևավորումից ոչ ուշ, քան 1 տարի անց, տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդպիսով, Հայաստանում կձևավորվի արդեն նոր, լեգիտիմ իշխանություն, որովհետև այս իշխանությունները և կոնկրետ Նիկոլ Փաշինյանը չունեն ՀՀ քաղաքացիներին ներկայացնելու լեգիտիմություն:

«Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է Հայաստանի օրենսդրությունից դուրս: Եվ այդ պարագայում մենք Հայաստանի իշխանության ճգնաժամի խնդիր ունենք, որովհետև նա չի ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին»,-շեշտեց Անդրանիկ Թևանյանը:

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդն ընդգծեց, որ համագործակցության հուշագիրը նպատակաուղղված է հենց այն խնդիրների լուծումը գտնելուն և այն խոչընդոտները հաղթահարելուն, որոնք սպառնալիք են մեր պետականության համար:

***

«Մենք ստիպեցինք իշխանություններին վերցնել մեր օրակարգը․ ճիշտ է, նրանք սկզբում խուսափում էին դրանից»,-հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը՝ ԱԱԾ պահեստազորի սպաների միության ու «Մայր Հայաստան» դաշինքի միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումից հետո պատասխանելով լրագրողների հարցերին։

«Մենք չենք ասում, որ Երեւանի ընտրությունները միայն Արցախի մասին են, ասում ենք, որ դրանք տեղի են ունենում այն պայմաններում, երբ Արցախը պաշարված է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, Հայաստանը գտնվում է այնպիսի անվտանգային միջավայրում, որ մայրաքաղաքի ընտրությունները պատեհ առիթ են՝ քաղաքական հանգուցալուծում տալու լեգիտիմության ճգնաժամին»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը: Երբ խոսվում է պետական դավաճանության մասին, ասաց նա, այդ հանցագործությունը կոնկրետ դրսևորում ունի. առաջինը՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս Նիկոլ Փաշինյանը խախտել է ՀՀ Անկախության Հռչակագիրը և Սահմանադրությունը և դրանով հանդերձ հայտնվել է օրենքից դուրս կարգավիճակում, երկրորդը՝ իրարարամերժ և մրցակցող հարթակներ են տեղափոխվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը և դրա հետեւանքով տուժում են ՀՀ-ն և Արցախը։

«Պրահայում 2022 թ-ի հոկտեմբերի 6-ին մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ, երբ փաստացի Հայաստանը վերախմբագրեց նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությունը գոնե Լաչինի միջանցքի մասով։ Այսինքն, ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում Փաշինյանը նաեւ Լաչինն է ճանաչում Ադրբեջանի կազմում, եւ այդ իրավիճակում Ադրբեջանը ինչ ուզի՝ կանի»,-պարզաբանեց Անդրանիկ Թեւանյանը։ Եվ Փաշինյանի երրորդ հանցագործությունը, ըստ նրա, ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի արանքում Հայաստանը կռվախնձոր դարձնելն է։

«Պատահական չէ, որ Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ Փաշինյանը հարցազրույց է տալիս ու Թուրքիային ձեռնտու հայտարարություններ է անում՝ հակաիրանական, հակառուսական քարոզչությամբ նպատակ ունենալով ուժեղացնել Էրդողանին եւ թուլացնել ռուսական կողմին՝ ցույց տալու, որ Հայաստանը հենարան չէ»,-ասաց նա։

Այս քաղաքականությունը «Մայր Հայաստանի» համար խիստ անընդունելի է եւ դրա դեմ պայքարն է, որ դաշինքին մղել է մասնակցելու այս ընտրությանը։ Նրանք վճռական են թույլ չտալու, որ Հայաստանի թիվ մեկ օրակարգը դուրս մղվի քաղաքական դաշտից, մտահոգ են, որ ամեն օր կարող են զարգացումներ լինել և բոլորս պետք է պատրաստ լինենք։

«Մայր Հայաստան» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930