Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը Հայաստանի եւ Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի նոր կուտակումների եւ նոր կրակոցներին Հայաստանի իշխանության արձագանքի մասին «Հայելի» ակումբի ուղիղ եթերում ասաց․ «Երբ որ Ադրբեջանը ինչ-որ մի բան է անում, Հայաստանի պաշտոնական մեկնաբանությունը լինում է այն, որ նորից տարածվում է ապատեղեկատվություն, կամ՝ Ադրբեջանը ինչ-որ գործողություն է նախաձեռնում։ Իսկ երբ լինում են ակնհայտորեն ագրեսիվ քայլեր, ապա հայկական կողմն ասում է, որ Ադրբեջանը նորից խանգարում է խաղաղության պայմանագիրը ժամանակին կնքելուն։
Իրականում եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում։ Ադրբեջանը այդ երկու դեպքերում էլ իրականացնում է նույն քաղաքականությունը։ Եթե դրան գումարենք, ու գրեթե բոլորը գրում են, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ օրեցօր կենդանի ուժի, ռազմական այլ միջոցների կուտակումներ է ավելացնում, ապա մենք պետք է հստակեցնենք, որ այս բոլոր մեկնաբանությունները բացարձակապես չեն արտացոլում իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ նախապատրաստում են հերթական եւ հասցեական հարված հասցնել այս անգամ ոչ թե Արցախի Հանրապետության, այլ Հայաստանի Հանրապետության տարածքներին եւ պետությանը։
Իսկ ինչ է անում Հայաստանի իշխանությունը։ Արդեն քանի անգամ այս նույն հարցը տվել եմ։ Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները պատրաստվում են հակաօդային պաշտպանության, ի՞նչ է արվել այսօր, որպեսզի այդ պողպատյա վահանը ապահովվի Հայաստանի եւ Հայաստանի ամենախոցելի տարածքների վրա։ Չէ՞ որ 2016 թվականը եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը մեզ պետք է հուշեին, թե ինչից է օգտվում թուրք-ադրբեջանական միությունը։ Այս կամ այն զորամասն այցելելու եւ ինչ-որ բարեփոխումներ պատրաստելու մասին սին խոսքերից ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե իրականում ինչ է արվում, որ Հայաստանի պաշտպանվածությունը լինի ավելի բարձր աստիճանի, քան եղել է 2020 թվականի սեպտեմբերին։ Հստակեցնեմ, այնպես չի, որ ինչ-որ բան արվում է ու գաղտնի է պահվում։
Իրականում արդեն միջազգային մակարդակով փորձագետներ, ով՝ կոշտ, ով՝ բավականին մեղմ, նշում են քաղաքականությունների տարօրինակ տարբերությունը, լինի դա տեղեկատվական, թե ռեալ քաղաքականությունը։
Կարդացեք նաև
Ադրբեջանը անթաքույց պատրաստվում է շատ հստակ ցեղասպանական հերթական ագրեսիայի, Հայաստանը բացարձակապես չի ձեռնարկում որեւէ քայլ, դա լինի ակտիվ պաշտպանությունը, ակտիվ տեղեկատվական պատերազմի մեջ դիրքավորումը։ Այս բոլորը, ինչ արվում է Ադրբեջանի կողմից՝ շատ նպատակասլաց, պատրաստված թուրքական ծրագրերով համայն պղտոր գլոբալիստական կենտրոնների աչքի առաջ, Հայաստանն ընդամենն ասում է․ տեսնում եք չէ՞, թե ոնց է Ադրբեջանը խանգարում մեր ճիգերին, որ ունենանք խաղաղության մասին պայմանագիր»,-ասաց Հայաստանի առաջին ՄԻՊ-ը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ