Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթուլ Պետրոսյան․ «Այսօր պատերազմը պետք է մղել ոչ միայն սահմանում, այլեւ Երեւանում»

Սեպտեմբեր 05,2023 19:33

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում խորին ցավակցություն հայտնեց Սոթքում օրերս զոհված զինծառայողների ընտանիքներին եւ հարազատներին: «Մենք շարունակաբար զոհեր ունենալու ենք, որովհետեւ այսօր երկիրը կառավարում են թուրք-ադրբեջանական կամակատար սուբյեկտները: Այս ազգակործան պատուհասները երկիրը հասցնում են նոր պատերազմի եզրին: Երբ մենք ասում ենք, որ այսօր պատերազմը պետք է մղել ոչ միայն սահմանում, այլեւ Երեւանում, շատերը դա չեն հասկանում:

Սրանք իրավիճակը հասցրել են այն աստիճանի, որ նույնիսկ գլխավոր շտաբից է  տեղեկություն հրապարակվում, որ Ադրբեջանի կողմում զորքի, զինտեխնիկայի բավականին լուրջ կուտակումներ կան: Բաց տեքստերով, լրատվամիջոցներով հրապարակվեց, որ արդեն գրեթե երեք շաբաթ Իսրայելից բեռնատար ինքնաթիռների թռիչքներ են իրականացվում Բաքու եւ Գյանջա: Իսկ այդ տեղեկությունները հստակ են այն առումով, որ տեղափոխում են զինտեխնիկա եւ ռազմամթերք: Մեր բնակչությունը, գուցե, դեռ խորը չի հասկանում, որ իր զավակները, եղբայրները սրանց վարած թուրքամետ քաղաքականության արդյունքում նորից գնալու են կանգնեն մահվան առջեւ:

Հանրությունը, փորձագիտական շրջանները, կարծես, մոռացել են սրա ոչ թե ապիկար, այլ պլանավորված քաղաքականությունը, որը երկիրը հասցնում է մինչեւ վերջ կործանման: Հիշենք նաեւ արտահայտությունները, թե մենք արդեն պետք է լուրջ ջանքեր գործադրենք, որպեսզի չկորցնենք Հայաստանի Հանրապետությունը, Հայաստան պետությունը:

Ժամանակին, երբ սա ասում էր, թե ինքը Արցախի հետ կապված բանակցություններ վարելու մանդատ չունի, որ ինքն Արցախի բնակչության կողմից ընտրված չէ, շատերը չհասկացան դրա ուղղվածությունն ու հետեւանքները: Նա նաեւ պնդում էր, թե բոլոր դեպքերում ուզում է Արցախը բերել բանակցությունների սեղանի շուրջ: Ու ինչ եղավ: Նա Արցախը իբրեւ թե բերեց բանակցությունների դաշտ ու դրանով Հայաստանը դուրս մղեց  այդ նույն բանակցությունների շրջանակից: Ու հիմա Արցախը միայնակ թողել է թշնամու դեմ։ Գրեթե 10 ամիս Արցախը գերության մեջ է, 120 հազար մեր հայրենակիցներ սովամահության եզրին են: Բայց արցախցին դիմանում է, որովհետեւ արցախցին այդպիսին է:

Արցախը հանձնելուց հետո, սա կարծես որոշել է Հայաստանի անվտանգությունը մինչեւ վերջ կործանել»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը։ Նրա դիտարկմամբ, խոսքը ոչ միայն բանակի ու սահմանային անվտանգության մասին է, այլեւ նրա, որ հիմա Հայաստանը կորցրել է իր գրեթե բոլոր ռազմավարական դաշնակիցներին, Արցախում սորոսական սուբյեկտներ ստեղծելուն, որոնք պետք է դուրս մղվեն Արցախի քաղաքական դաշտից։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930