Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում առաջարկել է ՀԱՊԿ առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին:
«Մենք ցավակցում ենք Սոթք գյուղում հայ զինծառայողների զոհվելու կապակցությամբ և կոչ ենք անում կողմերին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կհանգեցնեն էսկալացիայի, լարվածության, առավել ևս մարդկային զոհերի»,- ասել է Զախարովան:
Նա նաև նշել է, որ այդ միջադեպը հերթական անգամ հաստատել է «Հայաստանում տնավորված» ԵՄ առաքելության «ոչ բարձր արդյունավետությունը»:
Զախարովան նշել է, որ անհրաժեշտ է իրականացնել պարբերական ռիթմիկ աշխատանք հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ՝ ռուսական կողմի խորհրդատվությամբ:
Կարդացեք նաև
«Մենք նաև հանդես ենք գալիս սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու օգտին, և այստեղ, իհարկե, գնդակն արդեն Երևանի դաշտում է: Կազմակերպության մյուս բոլոր անդամներն այդ քայլի համար պատրաստակամություն են հայտնել»,- ասել է Զախարովան:
Այնուամենայնիվ, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը խուսափել է գնահատական տալ Ադրբեջանի՝ արցախցիներին սովի մատնելու գործողություններին: «Իրավիճակը կարգավորելու համար մենք ձեռնարկում ենք մի շարք գործնական քայլեր, որոնց մասին արդեն նշել եմ»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ