Լրահոս
Օրվա լրահոսը

«Համալիրի գործընկերները խնդրել են երկրորդային ճանապարհ բացել»․ Տիգրան Ավինյանը՝ Ծիծեռնակաբերդի ճանապարհի քանդման մասին

Սեպտեմբեր 05,2023 17:54

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու, Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի քանդմանը։

Հարցին, թե ո՞ւմ որոշմամբ է ճանապարհը քանդվել, Ավինյանը պատասխանեց․ «Համալիրի մեր գործընկերները դեռեւս այս տարվա սկզբին քաղաքապետարանին խնդրել են երկրորդային կարեւոր ճանապարհ բացել, որովհետեւ այդ երկրորդային ճանապարհը հնարավորություն է ստեղծում հրդեհի, տարբեր հնարավոր աղետների դեպքում տարհանել մարդկանց։ Այն, ինչ իրականացվում է, պահանջը եղել է հենց Համալիրից»։

Ավինյանը հավելեց․ «Ուզում եմ հիշեցնել, որ սեպտեմբերի 9-ին մենք Համալիրի դիմաց ունենք Դեմիրճյանի արձանի բացման արարողությունը։ Համալիրի 40-ամյակն ենք նշում եւ շատ գեղեցիկ պուրակ ենք այնտեղ կառուցում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ․ Գ․ Մեջբերում ենք ԱՇԽԱՏԵLOVE նախաձեռնության հիմնադիր Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումից․ «Երևանի քաղաքապետարանի պատվերով Ծիծեռնակաբերդի ճեմուղու 250 մետր հատվածի 6.5 մետր լայնությամբ ճեմուղին ամբողջությամբ քանդվել է։

 Ճեմուղին կառուցվել էր 1983 թվականին և մինչ օրս չուներ գեթ մեկ ջարդված տոմետ կամ եզրաքար։

 Ճեմուղու տակ արված էր 20 սմ-ից հաստ բետոն։

 Երևանի քաղաքապետարանը պարզաբանեց, որ այդտեղով ճանապարհ է բացում դեպի համալիր՝ միջոցառումների ժամանակ և հրդեհի դեպքում օգտագործելու համար, այնինչ մենք ճշտեցինք, որ այդ ճանապարհով հարկ եղած դեպքում միշտ էլ հրշեջ մեքենան հանգիստ բարձրացել է։

 Շինարարությունն ընթանում էր օրենքի կոպիտ խախտումներով՝

 — Չկար տարածքի սահմանազատում։

 — Չկար ինֆորմացիոն վահանակ։

 — Չկար ծառերի սահմանազատում։

 — Քաղաքապետարանը նախօրոք չէր հրապարակել և այսօր ևս չտրամադրեց նախագիծ՝ դրա փոխարեն բերել էին 1983 թվականի թղթի պատճեն՝ վրան կարմիր գրիչով խզբզած։

 Ոստիկանները ձերբակալեցին 3 հոգու՝ տարածքում կանգնելու համար և 3 ժամ պահելուց հետո ազատ արձակեցին։

 Ճեմուղին չի պատկանում Երևանի քաղաքապետարանին և Երևանի քաղաքապետարանի բյուջեով նախատեսած չէր դրա վերանորոգումը։

 Ճեմուղու աշխատանքներն իրականացվել են շատ անփույթ ձևով՝ վնասելով և՛ տոմետները, և՛ ծառերը, և՛ թփերը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930