Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սանմաքրման աշխատակիցներին՝ կանանց, հագուստը փոխելու համար տրամադրում են փակված աղբախցերը»․ «Հաղթանակի» թեկնածուն խնդիր արծարծեց՝ ՔՊ-ականը հակադարձեց

Սեպտեմբեր 05,2023 17:36

«Առնվազն վերջին մեկ-երկու տարում մեր իրականացրած աշխատանքների ծավալը գերազանցում է ոչ միայն նախորդ տարիներին կատարվածին, այլև ունենք ցուցանիշներ ու արդյունքներ, որոնք Երևանի պատմության մեջ չենք գտնի»,-«Հոդված 3» ակումբում «Երևանի աղբահանության և կանաչապատման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ վստահեցրեց «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն, Երևանի ավագանու անդամի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Հարություն Առաքելյանը։

Նա թվարկեց, որ 33 հեկտար անտառ-տնկարկներ են հիմնել, հիմնել են անտառներ, այգիներ պուրակներ։ Հարություն Առաքելյանը փաստեց՝ Երևանում վատ վիճակ է օդի ու փոշու առկայության առումով․ «Սրա հետ կապված շինհրապարակներն են մեզ համար ամենամեծ խնդիրը։ Սեպտեմբերի 1-ից ունենք օրենսդրական փոփոխություն, որով հստակ հսկողություն կա նաև շինհրապարակների մասով համապատասխան պայմանները պահպանելու վերաբերյալ։ Այս օրենսդրական փոփոխությունները բերելու են նաև այդ խնդիրների լուծմանը։ Խոսել շրջակա միջավայրի մասին և չխոսել կենդանիների մասին, որոնց մասով իրականացված ծրագրերը ոչ միայն Երևանի պատմության, այլև ՀՀ-ում իրականացված միակ ու դեռ չկրկնված ծրագրերն են. խոսքը կենդանիների գլխաքանակի կանոնակարգման մասին է, վտանգավոր հիվանդություններից պաշտպանելու մասին»։

Հարություն Առաքելյանը երևանցիներից ներողություն խնդրեց, որ աղբահանության ոլորտում երբեմն թերություններ են եղել։

Երևանի ավագանու անդամի «Հաղթանակ» կուսակցության թեկնածու Արթուր Բաբայանը նկատեց՝ աղբահանության ոլորտի խնդիրների մասին խոսելիս հիմնականում տեխնիկայի հետ կապված հարցերն են բարձրաձայնում, մինչդեռ աշխատակիցների խնդիրների մասին չեն խոսում․ «Մոտ 800-900 աշխատակիցներ կան աղբահանության հիմնարկում, որոնց աշխատանքային պայմանները գտնվում են վատ վիճակում։ Այս հինգ տարիներին աղբահանության հարցով կարծես սանմաքրումը երկրորդական հարց է դարձել։ Մոտ 600 աշխատակիցներ կան այդ գծով, որոնք տարրական պայմաններով ապահովված չեն։ Աղբահանության աշխատակիցները չունեն նույնիսկ լվացվելու պայմաններ։ 2019-ից հետո աղբահանության ոչ մի աշխատակից անգամ հագուստ չի ստանում։ Մեր կուսակցությունը որոշել է, որ աղբահանության հարցը լուծելիս մենք պետք է ազդակը ոչ միայն տեխնիկայի վրա դնենք, այլ առաջնահերթ ազդակը լինի աշխատակիցների աշխատանքային պայմանները բարելավելը, ինչը բացակայում է։ Սանմաքրման աշխատակիցներին՝ կանանց, հագուստը փոխելու համար տրամադրում են փակված աղբախցերը։ Նրանց, ովքեր այդ աղբախցերն են առաջարկում, կառաջարկեի սենյակներով փոխվեին այդ աշխատողների հետ»։

Երևանի ավագանու անդամի «Արդար Հայաստան» կուսակցության թեկնածու Վահե Գևորգյանն էլ նշեց՝ աղբահանության ոլորտում նախորդ բոլոր իշխանությունները ձախողել են․ «ՔՊ-ն ևս ձախողել է, որն իր ծրագրում նախատեսում ու խոստանում էր ստեղծել նոր աղբավայր, աղբի վերամշակման հիմնարկ ստեղծել։ «Արդար Հայաստանը» կարևորում է աղբի տեսակավորումն ու վերամշակումը։ Վերջերս փորձ արվեց աղբամաններով տեսակավորել աղբը, սակայն իրազեկման աշխատանքներ չտարվեցին։ Հարկ է նաև մշակել վարչական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմ»։

Վահե Գևորգյանն ասաց, որ «Արդար Հայաստան»-ը կանաչապատման հետ կապված առաջ է քաշում քաղաք-այգի կոնցեպտը, որը թամանյանական նախագիծ է․ «Առաջարկում և պլանավորում ենք աննախադեպ ծավալի կանաչապատ տարածքներ ստեղծել Երևանում․ Դալմայի այգիներում նախատեսում ենք այգի պուրակ, որտեղ կլինեն տարբեր ժամանցի վայրեր, լողավազաններ։ Քաղաքում ու քաղաքի շրջակայքում նախատեսում ենք տնկել մեկ միլիոն ծառ։ Քաղաքի կանաչապատման խնդիրը պետք է լուծել համակարգային տեսանկյունից՝ քաղաքի կենտրոնի ծանրաբեռնվածության թուլացման շնորհիվ։ Ժողովրդին պետք է ուղղորդել ծայրամասեր, պետք է միջավայր ստեղծել նաև քաղաքի արվարձանային տարածքում»։

Երևանի ավագանու անդամի «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Ալիկ Բադալյանը համաձայնեց ՔՊ-ական թեկնածուի հետ, որ Երևանում կատարվել է աննախադեպ ծավալների կանաչապատում և մյուս կողմից ասաց․ «Բայց շատ խնդիրներ շարունակում են պահպանվել։ Կանաչապատման համար խնդիր է անկանոն շինարարությունը, ինչն անհնար է դարձնում կանաչ գոտիների կառուցումը։ Թաղամասերի նախագծային պլաններում բացակայում են այգիների, պուրակների նախագծերը»։

Ալիկ Բադալյանը նշեց՝ իրենց մոտեցումը աղբահանության ոլորտում երկրորդ օպերատորի ներգրավումն է․ «Այն կիրականացնի աղբահանություն և սանմաքրում, ինչը կառաջացնի մրցակցություն։ Միևնույն ժամանակ միջազգային օպերատոր ներգրավելով՝ այն կներդնի միջազգային փորձը»։

Հարություն Առաքելյանն արձագանքեց Արթուր Բաբայանի մտահոգություններին․ «Պարոն Բաբայանը խոսում է վերջին հինգ տարիների խնդիրների մասին, բայց վերջին երկու տարին է, որ նա չի աշխատում այս կազմակերպությունում։ Երբ պարոն Բաբայանը երեք տարի աշխատում էր այդ կազմակերպությունում, արդյոք չի՞ տեսել այդ խնդիրները և չի՞ փորձել ուղղել։ Արդյոք իր սենյակով փոխվե՞լ է այս մարդկանց հետ։ Առնվազն արդար չէ աշխատել կառույցում և բացերը թաքցնել, երբ կառույցից հեռացնում ենք, դրանից հետո ջրի երես եք հանում խնդիրները, որոնց մեջ եղել եք Դուք»։

Հարցին՝ այնուամենայնիվ, այդ խնդիրները կա՞ն, ավագանու անդամի ՔՊ-ական թեկնածուն պատասխանեց․ «Մենք ապրում ենք այն ժամանակներում, երբ մարդկանց իրավունքները մի փոքր երբ ոտնահարվում են, դրանց մասին առնվազն բարձրաձայնվում են։ Մենք ունենք ազատ մամուլ»։

Արթուր Բաբայանն էլ գործընկերոջը հակադարձեց․ «Ես երեք տարի աշխատել եմ՝ որպես աղբահանության բաժնի պետ։ Վերջին հինգ տարիների մասին չէ խոսքը, այլ վերջին երկու։ Աղբահանության բաժնի վերջին պետն եմ եղել, որ աշխատակիցներին տրամադրել եմ հագուստ։ Կարիքը չի եղել, որ ես իմ սենյակով փոխվեմ աշխատակիցների սենյակների հետ, քանի որ աշխատակիցները լավ, թե վատ սենյակներով ապահովված են եղել։ Հիմա անհասկանալի պատճառներով այդ սենյակներն աշխատակիցներից վերցնել են։ Ես աղբահանության վերջին բաժնի պետն եմ եղել, որ աշխատակիցներին պարտադիր վճարվել է գիշերային աշխատանքի համար իրենց վճարները, որը հետո վերացվել է։ Դուք այդ ամենին տիրապետում եք։ Ոչ մեկի համար գաղտնի չէ, որ 2019-2021-ի Սանիտեկի ահավոր վիճակից հետո քաղաքի աղբահանության վիճակը դարձավ իդեալական, որից հետո ինչ-ինչ պատճառներով խնդիրներ առաջացան՝ ոնց շեշտում եք՝ ինձ աշխատանքից ազատումից հետո․․․Ինձ աշխատանքից հեռացրել են, այդ հեռացումը աշխատանքի տեսչության կողմից համարվել է անվարեր»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930