Քաղաքապետարանն առցանց վերահսկելու է, որպեսզի Երեւանում կառուցապատողները փոշու սահմանաչափը չանցնեն։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
«Սեպտեմբերի 1-ից դուք արդեն տարբեր կառուցապատողների մոտ կտեսնեք փոշու պաշտպանիչ ցանցերը։ Այդ ցանցերի պարտադրումը տեղի է ունեցել ավագանու որոշմամբ։ Եվ վերահսկողության լիազորությունը տրվել է մեր քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությանը, որն ունենալու է հսկիչ սարքեր, որոնք տեղադրվելու են կառուցապատողի կողմից։ Այդ սարքերի միջոցով մենք օնլայն ռեժիմով կառուցապատման ընթացքում տեսնելու ենք փոշու մակարդակը։ Եվ համապատասխան վարչությունն իրավասու է լինելու տուգանելու բոլոր այն կառուցապատողներին, ովքեր փոշու մակարդակի սահմանաչափը անցնում են։ Հետեւապես, այստեղ արդեն իսկ ունենք որոշակի համակարգ, որը սեպտեմբերի 1-ից սկսել է գործել»,- ասաց նա։
Ըստ Ավինյանի՝ որոշ կառուցապատողներ արդեն տուգանվում են, քանի որ չեն իրականացրել քաղաքապետարանի պահանջը։ Եվ այս գործընթացը լինելու է շարունակական։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ