«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակում է Շենգավիթ վարչական շրջանում։
Լրագրողների հետ զրույցում Ավինյանն անդրադարձավ Երեւանում առաջացած խցանումներին։ Օրինակ՝ Նոր-Նորք վարչական շրջանում վերջին օրերին մեծ խցանումներ են, եւ բնակիչների խոսքով՝ խնդիրը պայմանավորված է ավտոբուսների համար երթեւեկության գիծ առանձնացնելու գործոնով։
«Դա շատ բնական բողոք է։ Ինչո՞ւ ենք մենք փորձարկել մի քանի տեղեր եւ չենք արել լայնամասշտաբ, որովհետեւ հիմա մենք նաեւ հաշվարկում ենք ճանապարհների թողունակությունը»,- ասաց Ավինյանը։
Նա նշեց, որ հաջորդ տարիների վերջնանպատակը լինելու է խելացի լուսացույցերի եւ առհասարակ տրաֆիկի կառավարման նոր համակարգի ներդրումը։ «Դա թույլ է տալու անել մի քանի բան՝ առաջին հերթին, անկախ ամեն ինչից, տալ առավելություն հանրային տրանսպորտին։ Հանրային տրանսպորտով երթեւեկությունը խնայողություն է բոլոր առումներով։ Մեկ MAN ավտոբուսի մեջ տեղավորվում է ավելի շատ մարդ, քան 60 ավտոմեքենայի մեջ։ Երկրորդ, խելացի լուսացույցները մեզ հնարավորություն են տալու այն հատվածներում, որտեղ երթեւեկության ավելի մեծ թողունակություն պետք է ապահովվի, այդ լուսացույցն ավտոմատ կերպով երթեւեկության թողունակության համար ավելի երկար է պահելու կանաչ լույսը։ Եվ երրորդ, այս բոլոր ծրագրերի համար մենք բոլոր նախադրյալները սկսել ենք դեռեւս մայիսից։ Ես այցելել էի Վաշինգտոն եւ Աբու Դաբի։ Վաշինգտոնում քննարկել էինք այս ծրագրերի ֆինանսավորման հարցը, Աբու Դաբիյում՝ իրենց փորձի եւ լուծումների հարցը՝ Երեւանում տեղայնացնելու համար»,- հավելեց Ավինյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ