«Մեր կասկածներից մեկը, որ այդ սալիկները հնարավոր է տեղափոխվեն ինչ-որ մեկի սեփական տարածք, հաստատվեցին: Մենք ընկերներով հայտնաբերեցինք այդ սալիկները: Այո՛, դա ինչ-որ մարդու սեփական տարածք էր, որը փաստեց նաեւ կողքի տան բնակիչը, որտեղ այդ քարերը գտնվում էին: Այո՛, մեզ համար անհասկանալի է՝ ինչ տարբերակով է այդ պայմանավորվածությունը ձեռքբերվել, ինչու է տեղափոխվել մասնավորի տարածք: Ըստ էության դա պետական գույք էր, որը եթե անպիտան էր, պետք է դուրս գրվեր, եթե պիտանի էր, պետք էր ինչ-որ ձեւով օգտագործվեր»,- Aravot.am-ին ասաց Ծիծեռնակաբերդի ճանապարհի սալիկների քանդման դեմ բողոքի ցույցի մասնակից «Հեղափոխության պահապաններ» հ/կ նախագահ Հայկ Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի սալիկները սեպտեմբերի երեքի կեսօրից են սկսել քանդել:
Մեր զրուցակիցն ասաց՝ տեղեկություններ չունեն, թե ում մասնավոր տարածք են տեղափոխել սալիկները ու այդ տարածքի սեփականատերն ինչ առնչություն ունի իշխանության հետ. «Ես էլ շատ կուզենայի իմանալ, բայց քանի որ դա մասնավոր տարածք էր, այսինքն՝ մենք շատ սահմանափակ էինք մեր գործողությունների մեջ, ընդամենը հարցրել ենք, ի պատասխան ասել են՝ սա մեր տարածքն է. ինչ-որ մարդիկ էին, այդքանով մեր խոսակցությունն ավարտվել է: Մենք մարդկանց հարցաքննելու լիազորություններ չունենք»:
Հայկ Ստեփանյանի խոսքով, երկրում տեղի ունեցող մի շարք իրադարձությունների մասով իրենց դժգոհությունը մասնավոր զրույցներում հայտնել են իշխանության բարձր պաշտոն զբաղեցնող ներկայացուցիչներին ու երբ տեսել են, որ անձնական զրույցներում բարձրաձայնած խնդիրները լուծում չեն ստանում, գնացել են այդ խնդիրների հետեւից. «Այո՛, մենք հեղափոխության արժեքների պահապան ենք մեզ կոչել ու շարունակում ենք մնալ այդ արժեքների կրողը: Այո՛, անհանդուրժելի են այն երեւույթները, որոնք նախկիններից ներկաներին փոխանցվեցին ու շարունակվում են նման բարքեր: Անընդունելի է, որ 2018 –ին խոստացված հեղափոխությունը, այն արժեքները, որոնց համար բոլորս դուրս եկանք փողոց, փաստացի տեսնում ենք, որ չեն իրականանում այդ ծրագրերը: Մենք մտել ենք մի ցիկլի մեջ, երբ ներկաները մեղադրում են նախկիններին, նախկինները՝ ներկաներին եւ դրանից որեւէ օգուտ մեր ժողովուրդը չի քաղում: Հետեւաբար, մեր պայքարը ազգային միասնության մասին է, մեր արժեքների ու գաղափարների մասին է: Այն, ինչ 2018-ին ժողովրդին հանեց դուրս, հենց այդ ծրագրերի իրականացման մասին է: Մենք հիմա ուղիղ հայտնում ենք, որ այս պահին չկա որեւէ բան, որ այս իշխանությունը լավ է աշխատում: Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, եթե իշխանությունը որոշել է շեղվել հեղափոխության գաղափարներից, իրենց որոշումն է, իրենց խնդիրն է, թող լուծեն»:
Կարդացեք նաև
Երեւանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ սալիկները ինչ-որ մեկի մասնավոր տարածքում չեն, այլ. «Այդ սալիկները, որոնք, ըստ ձեր դիտարկումների, հայտնվել են մասնավորի տարածքում, դա տեղում շինարարություն իրականացնող կազմակերպության տարածքն է: Վստահորեն կարող եմ ասել, որ այսօր այդ տոմետները այդ տարածքից տեղափոխվելու են քաղաքապետարանի ենթակա կառույցներից մեկը: Երբ որ վարչական շրջաններում բարեկարգման կարիք լինի, այդ տոմետները օգտագործվելու են Երեւան քաղաքի այդ վարչական շրջանում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ