Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ տարածաշրջանից. Պեսկովը պատասխանել է Փաշինյանին

Սեպտեմբեր 05,2023 15:35

Մոսկվան համաձայն չէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն մեղադրանքներին, որ Ռուսաստանը պատրաստվում է դուրս գալ Հարավային Կովկասից: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում:

«Պարոն վարչապետի այդ թեզերի հետ մենք չենք կարող համաձայնել: Ռուսաստանն այս տարածաշրջանի բացարձակապես անբաժան մասն է, այնպես որ ոչ մի տեղ գնալ չի կարող: Հայաստանից Ռուսաստանը գնալ չի կարող»,- ընդգծել է Պեսկովը:

Նա նշել է, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան բուն Հայաստանում, նրանց մեծ մասը Ռուսաստանի «միանգամայն օրինակելի և հայրենասեր քաղաքացիներ են», որոնք իրենց ներդրումն են ունենում երկրի զարգացման գործում: Հետևաբար, Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի Հարավային Կովկասի տարածաշրջանում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում անվտանգության և կայունության երաշխավորի իր դերը: «Ռուսաստանը շարունակում է խաղալ հետևողական, շատ կարևոր դերակատարություն այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման և ապակոնֆլիկտացման գործում: Մենք կշարունակենք այդ դերը»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ տվյալ դեպքում շատ կարևոր է տարածաշրջանի բոլոր համապատասխան պետությունների հավատարմությունը երկու տարվա վաղեմության եռակողմ հայտարարություններին: «Հենց այդ պայմանավորվածություններին հետևելն էլ հաջողության գրավականն է»,- ասել է Պեսկովը:

Նա նշել է, որ դրանից հետո տեղի են ունեցել նաև նոր իրադարձություններ, որոնք «թեթևակի փոխել են իրավիճակը»: «Բայց դա չի նշանակում, որ Ռուսաստանը պատրաստվում է փոխել իր գործունեությունը: Ընդհակառակը, մենք կարծում ենք, որ Ռուսաստանը շարունակում է իրականացնել անվտանգության երաշխավորի իր դերը»:

Պեսկովը նաև հիշեցրել է Ռուսաստանի ներդրումը ինտեգրացիոն գործընթացներում, որոնց մաս է Հայաստանը: Նրա խոսքով՝ այդ ներդրումն է «գերազանցապես նպաստել այն բանին, որ անցյալ տարի Հայաստանը զարգացման տեմպերով առաջատար է դարձել ԱՊՀ-ում»: «Ուստի այդ ամբողջ աշխատանքը մենք կշարունակենք: Ոչ մի տեղ Ռուսաստանը չի գնում և չի պատրաստվում գնալ»,- ասել է նա:

Պեսկովը նաև ասել է, որ Ռուսաստանը հարգում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մենք գնահատում ենք աշխատանքային և միանգամայն կառուցողական հարաբերությունները նրա և նախագահ Պուտինի միջև և հույս ունենք, որ այդ հարաբերությունները հետագայում էլ կմնան երկու երկրների սերտ գործակցության գրավական»,- ասել է Պեսկովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930