Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ, էս տղերքին խի՞ ես փչացնում»․ Նորայր Նորիկյան

Սեպտեմբեր 05,2023 14:58

«Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորայր Նորիկյանն այսօր «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ իշխանությունը ձախողել է Երեւան քաղաքի զարգացման ծրագիրը։

Նորիկյանը ներկայացրեց ծրագրի այն կետերը, որոնց իշխանությունը խոստացել է իրականացնել Երեւանում, սակայն չի արել։

«Հայկ Մարությանն ու Տիգրան Ավինյանը իրենց քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ միասին 2018 թվականի դեկտեմբերին Երեւանի ավագանու մակարդակով ընդունել են Երեւան քաղաքի զարգացման 2019-2023 թվականների ծրագիրը։ Համաձայն այս ծրագրի՝ այդ երկու մարդիկ խոստացել են, պարտավորվել են Երեւանում կառուցել Իսակովի պողոտայից մինչեւ Արշակունյաց պողոտա կենտրոնը շրջանցող ճանապարհ, որն իր մեջ պետք է ներառեր Արշակունյաց պողոտայի վրա նախատեսված հանգույցի եւ Հրազդան գետի վրա կառուցված նոր կամուրջի շինարարությունը։ Չեն կատարել։

Խոստացել են ամբողջովին կառուցել, վերակառուցել Կրկեսի մոտի խաչմերուկը, կինո Հայրենիքի մոտի խաչմերուկը եւ Բանվորի արձանի մոտի խաչմերուկը, խոստացել էին այս երեք խաչմերուկներում կառուցել տրանսպորտային էստակադաներ։ Չեն կառուցել։

Խոստացել էին ամբողջությամբ ավարտին հասցնել հին «Հին Երեւան» պատմաճարտարապետական միջավայրը։ Չեն կառուցել։

Խոստացել էին ամբողջությամբ վերակառուցել 33-րդ թաղամասը։ Խոստացել էին համալիր կառուցել Կոնդի, Սարի թաղի եւ Տիչինա թաղամասերը։ Սախարովի եւ Շահումյան հրապարակներում կառուցել ստորգետնյա ավտոկայանատեղեր։

Խոստացել էին կառուցել Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ պատմահնագիտական արգելոց-թանգարանները։ Կառուցել Երեւանի կենտրոնը Զվարթնոց օդանավակայանին կապող նոր ավտոմայրուղին։ Խոստացել էին Կոմիտասի պողոտային այլընտրանքային ավտոճանապարհ կառուցել։

Խոստացել էին Հաղթանակ զբոսայգում կառուցել 27 հեկտար տարածքի վրա միջազգային չափանիշներին համապատասխանող հանգստի գոտի, զվարճանքի կենտրոն։ Խոստացել էին ավարտին հասցնել կենդանաբանական այգու միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու գործընթացը։

Խոստացել էին ճոպանուղային նոր ցանց կառուցել, մետրոյի նոր կայարան կառուցել։ Սրանցից որեւէ մեկը չեն կառուցել։ Խոստացել էին աղբահանության հարցը լուծել, Նուբարաշենում կառուցել աղբի վերամշակման համակարգ։ Չեն կառուցել։

Հինգ տարի լկտիաբար խաբել են երեւանցիներին։ Այսօր նույն խոստումը փորձում են նորից տալ։ Տղամարդավարի ընդունեք, որ տապալել եք հնգամյա կառավարումը»,-հայտարարեց Նորիկյանը։

Նրա խոսքով՝ ինչո՞ւ է «Քաղաքացիական պայմանագիրը» շահագրգռված Հայկ Մարությանին բրդել երկրորդ տեղ, այս ի՞նչ խնդիր եք լուծում․ «Քաղաքական շուկան դուք այս ինչքան եք արժեզրկել, ո՞վ է Հայկ Մարությանը, Նիկոլ, «Կարգին սերիալի» դերասաններին բերել ես իշխանության, մի մասին նեղացրել, հեռացրել ես, մի մասին նորից ես ուզում բերել իշխանության, որ ի՞նչ անես։ Դու ի՞նչ ես ուզում, ինչի՞ ես փոշիացնում պետական ինստիտուտները, քաղաքական պայքարի միտքն ու տրամաբանությունը։ Նիկոլ, էս տղերքին խի՞ ես փչացնում։ Դուք մտածում եք, որ Հովոն՝ Հովհաննես Ազոյա՞նը պետք է դառնա ավագանու անդամ եւ լուծի Երեւանի խնդիրները»։

Քաղաքապետի թեկնածուն ասաց, որ Հայաստանում պետք է փոխվի քաղաքական մշակույթը, քաղաքական առողջ միջավայր պետք է ձեւավորվի, եւ պետք է ձերբազատվել քաղաքական կրկեսից։

Ապա նա դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Երեւանի քաղաքապետը փոս փորող չէ, բորդյուր շարող չէ, Երեւանի քաղաքապետը, մեր իշխանության գալու դեպքում, սահմանադրական փոփոխությունների արդյունքում, դառնալու է անվտանգության խորհրդի անդամ․ «Երեւանի քաղաքապետն ի պաշտոնե երկրի հաջորդ ղեկավարն է, երկրի փոքր վարչապետն է։ Չի կարելի մայրաքաղաքի ղեկավարին, որտեղ կենտրոնացված է բնակչության 1/3-ը, արտադրական ենթակառուցվածքների մեծ մասը, տնտեսության կորիզը, որը հեռու է Նախիջեւանից 60 կիլոմետր, որը ցանկացած պահի կարող է դառնալ հարձակման թիրախ, այդ պաշտոնյայից կերտել բորդյուր շարող կամ փոս փորող, ինչ է թե՝ իրենց դաշտում ասեն՝ Նիկոլից բացի ուրիշ ֆիգուր չկա։ Չի կարելի այսքան հեղինակազրկել տեղական ինքնակառավարման մարմիններն ու քաղաքական ինստիտուտները»։

«Արդար Հայաստանը», ինչպես ասաց Նորիկյանը, մասնակցում է ավագանու ընտրություններին, քանի որ վստահ է՝ հաղթելու է եւ բերելու է քաղաքական նոր մշակույթ։ Նորիկյանը Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող այն քաղաքական ուժերին, որոնք իսկապես պայքարում են իշխանությանը հեռացնելու համար, առաջարկում է հասնել կոնսեսուսային թեկնածուի առաջադրմանը։

Նորիկյանի ներկայացմամբ՝ պետք է վերջ դնել միահեծան իշխանության ավանդույթին, խորհրդարանական կառավարման համակարգում իդեալական կլինի կոալիցիոն կառավարության ձեւավորման մշակույթ ձեւավորել․ «Որ ինստիտուտը բացում ես՝ Նիկոլ Փաշինյանն է, գործադիրում Նիկոլ Փաշինյանն է, խորհրդարանում Նիկոլն է, դատական համակարգում Նիկոլն է, դատախազությունում Նիկոլն է, ՏԻՄ-ում Նիկոլն է։ Սա վտանգավոր է։ Վերջում ստանալու ենք ողբերգական իրականություն։ Մի երկիր, որը չունի ընդդիմություն, ֆորմալ առումով ընդդիմություն չկա, միակուսակցական պառլամենտի է վերածվել։ Ո՞ւր է ձեր ընդդիմությունը 30%-անոց, ինչո՞ւ չի մասնակցում ավագանու ընտրություններին։ Ուրեմն կամ իրար հետ պայմանավորվել են, կամ մենք իրոք ունենք ֆեյք իշխանություն, ֆեյք ընդդիմություն, ֆեյք կառավարման համակարգ»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930