Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական մեդիա տիրույթը լի է Հայաստանի դեմ նոր հնարավոր գործողությունների գնալու մասին նյութերով. Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 05,2023 14:32

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանական մեդիա տիրույթը լի է Հայաստանի դեմ նոր հնարավոր գործողությունների գնալու մասին նյութերով: Թե՛ քարոզչական մամուլը, թե՛ պատգամավորները, թե՛ իշխանությունների խոսնակները նույն թեզի շուրջ են կառուցում իրենց խոսքը, որ իբրև բանակցությունները փակուղում են, բախումն անխուսափելի է, թիրախում էլ՝ Սյունիքն է:

Երեկ օրինակ, իրենց պատգամավորներից մեկը վրացական մեդիային տված հարցազրույցում պարզ տեքստով խոսում էր Սյունիքի վրա հարձակվելու իրենց նպատակների մասին: Դրան զուգահեռ վերջին շաբաթների ընթացքում Իսրայելից դեպի Ադրբեջան, ինչպես նաև Թուրքիայից դեպի Ադրբեջան ռազմական ուղեբեռով թռիչքների աճ է նկատվում:

Ադրբեջանի ՊՆ–ի հետ էլ առնչվող կայքերը գրում են, որ պետք է լայնամասշտաբ զորավարժություններ սկսել ՀՀ տարածքների երկայնքով ու դա վերափոխել գործողությունների:

Այս ամենը կարող է արվել երկու նպատակով՝

1) Ադրբեջանն իրոք գործողությունների է պատրաստվում ՀՀ–ի դեմ և շատ ակնհայտորեն խոսում է դրա մասին:

2) Սա տեղեկատվական քարոզչական գիծ է, որի նպատակը հայ հանրության ներսում խուճապ առաջացնելն է, իսկ ՀՀ իշխանությունների հանդեպ կիրառվում է ուժի սպառնալիքի գործոնը: Երկու դեպքում էլ գործ ունենք ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականության հետ:

Ի՞նչ կարող են անել ՀՀ իշխանությունները:

📌Խելացի աշխատել գործընկերների հետ, տեղեկատվական քարոզչական նյութերը օպերատիվ իրավիճակի հետ միասին ներկայացնել նրանց: Ավելի լավ է կանխարգելիչ քայլեր անել հիմա, քան սպասել էսկալացիայի, նոր գործել:

📌Պետք է ինտենսիվ աշխատել իրանական կողմի հետ: Իրանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ Իրանի ևս մեկ անգամ վերահաստատեց իր դիրքորոշումը՝ սահմանների անձեռնմխելիության հետ կապված: Իրանն իսկապես կարևոր զսպիչ գործոն է տարածաշրջանում ադրբեջանական ագրեսիայի հարցում, ուստի պետք է օգտվել դրանից:

📌Պետք է խելացի, հանրային դիմադրողականությունը բարձրացնող տեղեկատվական քաղաքականություն վարել: Հանրությանը մեծ մասամբ տեղեկատվական աղբ է մատուցվում, իրականության հետ կապ չունեցող լուրեր, որոնք միայն վնաս են տալիս մեզ:

📌Բնական է՝ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել բանակում:

Ոչ մարտական պայմաններում մահացությունների աճը շատ վտանգավոր հետևանքներ է ունենում, դրանք ոչ թե կոծկել է պետք, այլ քննել: Բացի այդ, ՊՆ ներկայացուցիչները պետք է այցելեն այն ընտանիքներին, որոնք որդի են կորցրել, չի կարելի անտեսել նրանց:

Խիստ կասկածում եմ, որ իմ ասածներից որևէ մեկը կարվի, բայց նաև հույս ունեմ, որ կսխալվեմ: Իրադրությունը իսկապես կարող է շատ արագ լարվել, պետք է աշխատել հենց այս պահից սկսած:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930