Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱԳՆ-ն պետք է դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արցախի վերաբերյալ բանաձեւ ընդունելու հարցով»․ «Բացումը» ուղերձ է հղել արտգործնախարարին

Սեպտեմբեր 05,2023 14:38

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր ուղերձ հղեց ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։ Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը հայտարարեց, որ դիմում են ԱԳՆ-ին, որպեսզի եւս մեկ անգամ ՀՀ ԱԳՆ-ն դիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ առաջարկելով բանաձեւ ընդունել, որով Արցախի հայ ժողովուրդը կստանա հումանիտար օգնություն, կբացվի Բերձորի միջանցքը, ինչպես նաեւ Ալիեւը պատասխանատվության կենթարկվի։ «Բանաձեւի մեջ պետք է նաեւ ներառվի Արցախի հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության վերաբերյալ կետ, որտեղ կներառվեն նաեւ քաղաքական իրավունքները»,- ասաց նա (Նշենք, որ բանաձեւի առաջարկ կարող են անել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները։ Հայաստանը հրավիրյալ անդամ է․-խմբ․)։

Նարեկ Այվազյանն ընթերցեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ուղղված իրենց դիմումը, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի կողմից կիրառվող շրջափակումը անմարդկային դժվարությունների առաջ է կանգնեցրել Արցախի հայ ժողովրդին՝ զրկելով մարդու հիմնարար իրավունքներից եւ ստեղծելով հումանիտար աղետ։

«Մեր պահանջը պարունակում է հետեւյալ կենսական կետերը, որոնք մենք օգոստոսի 29-30-ին փոխանցել ենք ՄԱԿ ԱԽ մշտական անդամներից Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առաջնորդներին եւ կոչ արել հետամուտ լինել մարդկության առաջ ստանձնած հանձնառությունների իրականացմանը.

-Մարդասիրական օգնության փոխանցում. իրականացնել մարդասիրական օգնության անհապաղ առաքումը Բերձորի միջանցքով: Ժամանակին գործողությունները չափազանց կարեւոր են հումանիտար իրավիճակի էլ ավելի վատթարացումը կանխելու համար։ Այլընտրանքային ճանապարհները նսեմացնում են արցախցիների ազատ կամարտահայտումը եւ լեգիտիմացնում Ադրբեջանի ու վերջինիս հովանավորների կողմից խաթարված կենսական միջանցքի արգելափակման փաստը՝ հիմնախնդրի էությունը քաղաքականից նենգափոխելով սոսկ հումանիտարի։

-Բերձորի միջանցքի բացում եւ անխափանության ապահովում. բացել Բերձորի միջանցքը, որպեսզի ապահովվի Արցախի հայ ժողովրդին անհրաժեշտ մարդասիրական օգնության առաքումը, ստեղծելով երաշխիքներ դրա հետագա անխափան գործունեության համար: Այս փրկօղակը էական նշանակություն ունի հայության տառապանքը թեթեւացնելու եւ բնակչության հիմնական կարիքները բավարարելու համար:

-Պատասխանատվության հաստատում. վկայակոչելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» ՄԱԿ 1948թ. դեկտեմբերի 9-ի կոնվենցիան՝ Ադրբեջանի ղեկավարությանը եւ նրա հանցակիցներին պատասխանատվության ենթարկել Արցախի հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու համար: Միջազգային հանրությունը պետք է համախմբված լինի նման զազրելի խախտումների եւ խոշտանգումների դեմ։

-Խախտված իրավունքների վերականգնում. հաստատել Արցախի հայ ժողովրդի իրավունքները, ներառյալ նրա կյանքի ու քաղաքական ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Այս հիմնաքարային սկզբունքը որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք՝ պետք է ճանաչվի եւ հարգվի։

Ադրբեջանի ղեկավարության վերջին գործողությունները՝ ադրբեջանական Կարմիր Մահիկի ընկերության միջոցով «մարդասիրական օգնության» փոխանցման փորձը, ակամա իրենց կողմից փաստում է Արցախում հումանիտար աղետի առկայությունը։ Բերձորի միջանցքը շրջափակելու եւ ապօրինի հսկիչ անցակետ ստեղծելու մարտավարությունը նրանց վրա է ուղղակիորեն դրել հսկայական տառապանք պատճառելու մեղքը: Ընդ որում՝ Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի կողմից բրիտանական BBC-ին տված օգոստոսի 30-ի հարցազրույցում նշած խոսքը այն մասին, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը բացելուց հետո 24 ժամվա ընթացքում Լաչինի միջանցքն էլ կբացվի, եւս փաստում է, որ Բերձորի ճանապարհը փակ է, եւ փակող կողմը հենց Ադրբեջանն է։

Մարդասիրական աղետի գոյությունը ժխտելու, կեղծ կրոնական պառակտումներ ստեղծելու եւ Արցախի Հանրապետության կառավարությանը ինքնաշրջափակման մեջ մեղադրելու Ադրբեջանի մտադրությունները միայն բացահայտեցին իրենց քաղաքականության իրական նպատակները։ Այս իրավիճակը պետք է միջազգային հանրությանը խթանի ակտիվորեն պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանի բռնապետական ղեկավարությանը եւ նրա կողմնակիցներին:

Ավելին՝ մենք պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից օգտագործել այս նշանակալի զարգացումը որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից վճռական բանաձեւի ընդունում պահանջելու հիմք։ Եվ վստահ ենք ու վերահաստատում ենք, որ ստորեւ ամփոփված կարեւոր կետերը պետք է կենտրոնական լինեն այդ բանաձեւի համար.

-Բերձորի միջանցքով մարդասիրական օգնության անհապաղ առաքում,

-Բերձորի միջանցքի բացում, դրա անվտանգության, անարգել ու անժամկետ աշխատանքի ապահովում,

-Ցեղասպանություն իրականացնելու հիմքով Ադրբեջանի ղեկավարությանը եւ հանցակիցներին պատասխանատվության ենթարկում,

-Արցախի հայ ժողովրդի իրավունքների հաստատում, այդ թվում՝ քաղաքական իրավունքները»,- նշվում է Արարատ Միրզոյանին ուղղված դիմումում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930