Օրերս Վերնիսաժում հանդիպեցի մեր օրերի լավագույն արձակագիր Լեւոն Ջավախյանին: Իրերն էր հավաքում, որովհետեւ արդեն երեկոյանում էր, մոտեցա՝ տխուր ժպտաց: «Գիտե՞ս, ախր ապրելով Հայաստանում՝ անընդհատ կարոտում եմ Հայաստանը… էն Հայաստանը, որ 30 տարի կար, իսկ հիմա չկա, խաբար եք… »,-ասաց գրողը: Խնդրեցի՝ էքսպրոմտ մի հարցազրույց տա Aravot.am-ին։ Մի քիչ համառելուց հետո համաձայնեց. «Քեզ չեմ կարող մերժել»: Սպասվող ընտրություններից խոսեցինք:
«Դրանք կարեւոր են այնքանով, որ որոշ մարդիկ, ես էլ հետները, ուզում եմ հույս տածել, որ բան կփոխվի, ընդդիմությունը կվերցնի իր ձեռքը ամեն բան, ու դա սրանց վերջի սկիզբը կլինի: Բայց էդպիսի բան չի լինի… Ստալինն ասում էր՝ կարեւորը ոչ թե ընտրողներն են, այլ ձայները հաշվողներն են: Սրանք ձայները կհաշվեն այնպես, ինչպես ՔՊ-ն է հաշվում, ինչպես Վանաձորում հաշվեցին… Հիմա եթե Վանաձորը չտվին (նկատի ունի Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը-Գ.Հ.), Երեւանը ո՞նց կտան, «նագլիով» չեն տա…»,-ասաց Լեւոն Ջավախյանը:
Թե ինչ կանխատեսումներ ունի Հայաստանի ու Արցախի վերաբերյալ, հետեւյալը նշեց. «Նիկոլը մի էնպիսի ճաշ է եփել, որ եկողը ռիսկ չի անի մոտենա, երեւի ընդդիմության ոչ վճռական կեցվածքը դրանով է պայմանավորված: Եկողի համար մեծ խնդիրներ կարող են լինել… Ինքը զոռով է, շառով է, ուզում է մնա… էնքան է զրոյացրել երկիրը, էլ ո՞վ պիտի էդ զրոյի առաջ մեկը դնի…»:
Հարցին՝ այսօր շատ են խոսում, որ մտավորականները պասիվ են, անարդարությունների մասին առաջվա նման չեն բարձրաձայնում, համամի՞տ է այդ տեսակետի հետ, Լեւոն Ջավախյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Մենք էլ ենք արտահայտվում, Խաչիկը Մանուկյան լավ էլ արտահայտվում է, ես արտահայտվում եմ, ջահելներից Հուսիկ Արան ,Վահե Արսենը …Մտավորականների հիմնական մասը իրեն դեմ է, բայց ինչպես ասում են՝ շները հաչում են, քարավանը գնում է: Ու վայ էն քարավանին, որի գլուխը սա պիտի լինի: Սա չի սիրում մտավորականներին, որովհետեւ գիտի, որ հասկացող խավ է, իր հիմնական հենարանը տգիտությունն է, որից ինքն օգտվում է… Ինքն ագրեսիվ վնասարար է, անընդհատ ասում է՝ իմ զրո կետից եմ սկսում ու ավերում է ամեն ինչ, էնքան մեծամիտ է, քիչ է մնում իրեն Աստծո տեղը դնի»:
Կարդացեք նաև
Ի պատասխան հարցի՝ ամեն գիշեր գլուխը բարձին դնելիս ի՞նչ է մտածում, Լեւոն Ջավախյանը հուսահատ ասում է. «Ամեն օր գլուխս դնում եմ բարձին՝ այն ակնկալիքով, որ առավոտ կարթնանամ ու կտեսնեմ, որ հեռացել է, չկա, բայց ցավոք, այդպես չի լինում, լինում է այնպես, ինչպես գրել եմ իմ «Աթոռի վրայի մարդը» պատմվածքում… Ես մղձավանջ եմ տեսնում: Այդ աթոռի վրայի մարդը, որ ամեն ինչ ոչնչացնում է, մի մղձավանջային երազ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ