Արցախի կյանքի ճանապարհը բացելու պահանջով՝ 24 ժամ հերթափոխով կենդանի պատ է ստեղծվել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ: Նրանք, ովքեր անտարբեր չեն Արցախի շրջափակման խնդրի հետ կապված, կարող են unblock.am-ում գրանցվել, լրացնել իրենց հարմար ժամերը ու կենդանի պատի մաս կազմել:
Aravot.am-ի հետ զրույցում նախաձեռնության անդամ Աշոտ Ավանեսյանը հարցին, թե ինչո՞ւ են հենց ՄԱԿ-ի դիմաց որոշել դա իրականացնել, հատկապես, որ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց հարցը, պատասխանեց. «ՄԱԿ-ն առաջին տեղում է, բացի այդ, միայն ՄԱԿ-ի դիմաց չի լինելու: Խնդրի հասցեատերը առաջին հերթին միջազգային կառույցներն են, Հաագայի դատարանի որոշման իրագործման հասցեատերը նաեւ ՄԱԿ-ն է հանդիսանում: Հասցեատեր են նաեւ Մինսկի խմբի համանախագահ երկրները եւ նախաձեռնության անդամների թիվը երբ աճի, կավելանան նաեւ կենդանի պատի տեղերը: Սա իրազեկման ակցիա է, որը նաեւ Արցախի ճակատագրով անհանգստացված մարդկանց կոնսոլիդացիայի հնարավորություն է ստեղծելու»:
Նախաձեռնությունը սկսել են 3 օր առաջ եւ այս պահին մոտ 200 հոգի գրանցվել է՝ նախաձեռնությանը միանալու. «Օրվա ընթացքում մոտ 50 հոգի ավելանում են: Սա զուտ ընդվզում է, ամենապարզ ձեւն է ակցիա անելու: Ցանկացած տարիքի մարդ գալիս է՝ փոքր երեխաներից սկսած: Մարդը, օրինակ, գիշերը գալիս է հերթափոխի՝ երեխաներին էլ հետն է բերում, որովհետեւ ընդամենը մայթին կանգնելով՝ որեւէ հասարակական կարգ չի խախտվում, որեւէ մեկի իրավունքները չեն ոտնահարվում, չեն սահմանափակում ազատությունները»:
Աշոտ Ավանեսյանը վստահ է, որ եթե չշեղվեն իրենց նպատակից ու ապաշրջափակման հետ կապված քայլեր անեն համախմբված՝ արդյունքը չի ուշանա:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ