Repat Riarch youtube-յան ալիքի հեղինակ, Tumanyan.Online դպրոցի, Semestra կրթական կայքի հիմնադիր Հայկ Հովակիմյանը, ապրելով տարբեր երկրներում, 2018 թ. տեղափոխվել է Հայաստան եւ հիմնել կրթական բիզնեսներ, որոնց գումարային շրջանառությունը 2022 թվականին կազմել է 360 000 դոլար։ Հայկ Հովակիմյանը ցանկանում է, որ Հայաստանը դառնա որակյալ կրթության համաշխարհային կենտրոն։ Aravot.am-ը զրուցել է Հայկ Հովակիմյանի հետ: Մասնավորապես հետաքրքրվել ենք՝ իր կարծիքով ի՞նչ խնդիրներ կան կրթական ոլորտում, որոնցով էլ թերեւս, պայմանավորված են այլ ոլորտների խնդիրները:
«Աշխարհում կրթությունը փոխվում է շատ արագ տեմպերով, ու այն տեսքով, որ կար նախկինում, հիմա գրեթե չի աշխատում»,-ասում է մեր զրուցակիցը ու տարակուսանք է հայտնում՝ խոսելով այն մասին, թե ինչպես են մարդիկ մեզանում վերաբերվում կրթությանը: «Ինչքան ես եմ տեսնում, երեխաները հաճախ զզվում են սովորելուց, իսկ դա շատ մեծ խնդիր է: Եթե մարդիկ չսիրեն սովորելը, չիմանան՝ ինչպես պետք է սովորել, ժամանակակից աշխարհում չեն կարող լինել պահանջված եւ մրցունակ՝ աշխատանքային շուկայում, որովհետեւ գրեթե չկա աշխատանք, որտեղ պետք չէ անընդհատ սովորել ու զարգանալ: Ես դա համարում եմ մեր կրթական համակարգի գլխավոր խնդիրներից մեկը»,-նշում է Հայկ Հովակիմյանը:
Նրա ձեւակերպմամբ, երկրորդը դիպլոմի գաղափարն է. «Կարծրատիպ կա, որ եթե դիպլոմ ունես, ուրեմն կրթված ես, մինչդեռ աշխարհում դա էլ է փոխվել: Երեւի պետք է աշխարհի գլխավոր համալսարանների ցանկում լինես, որ դիպլոմդ ինչ-որ բան նշանակի կամ գործատուն ուշադրություն դարձնի դրա վրա»:
Հայկ Հովակիմյանն ասում է, որ հիմա գիտելիքները պարզելու ուրիշ մեթոդաբանություն է կիրառվում, հայկական խոշոր ստարտափերից մեկն էլ օգնում է պարզել գիտելիքները. «Իրենց բիզնես մոդելը նրա վրա է հիմնված, թե ինչպես խոշոր կազմակերպությունները կարող են գնահատել՝ ում են վերցնում աշխատանքի: Գաղտնիք չէ, որ Հայաստանում հաճախ դիպլոմները վաճառվում են, դու կարող ես չսովորել, բայց դիպլոմ ստանալ, որովհետեւ ծնողներդ կամ դու կարողացել եք վճարել, իսկ դա արժեզրկում է դիպլոմի գաղափարը»:
Կարդացեք նաև
Ըստ մեր զրուցակցի, հաջորդ խնդիրն էլ այն է, որ որոշ բուհեր կամ ֆակուլտետներ ընդունվում են մարդիկ, որոնց միավորները չեն բավարարել այլ տեղեր ընդունվելու համար, հետեւաբար այդտեղ լավագույնները չեն հայտնվում: Մյուսն էլ այն է, որ նրա խոսքով՝ կրթված հասարակություն ունենալու համար նախ կրթողները պետք է լինեն կրթված, անընդհատ զարգանան եւ սովորեն, մի բան, ինչ Հայաստանում տեղի չի ունեցել երկար տարիներ: «Կրթական ոլորտում բարձր որակի մասնագետներ են անհրաժեշտ, եթե բարձր որակի կրթական ոլորտ ենք ուզում, ինչը դեռեւս չեմ տեսնում: Նաեւ անգլերենի իմացությունն է շատ կարեւոր: Հայաստանում այն խայտառակ վիճակում է, դպրոցներ կան, որտեղ ընդհանրապես անգլերեն չեն սովորեցնում: ԿԳՄՍ նախարարությունը պետք է այս խնդրին ուշադրություն դարձնի»,-հավելում է նա:
Հայկ Հովակիմյանն ասում է, որ գործի բերումով հաճախ է հանդիպում մարզային երիտասարդների հետ, որոնց մեջ կան տաղանդավոր մարդիկ, օրինակ, նրանցից մեկը՝ Աննան, Շիրակի մարզի գյուղերից մեկում է սովորում եւ ինքնուսուցմամբ է զբաղված, որովհետեւ դպրոցում անգլերեն չեն սովորեցնում:
«21-րդ դարում կարելի է ամեն ինչ այնպես կազմակերպել, որ Հայաստանի դպրոցներում անգլերեն սովորեն, որովհետեւ դա այսօրվա դրությամբ գործնական ամենակարեւոր լեզուն է: Դու չես կարող մրցունակ լինել, եթե չգիտես անգլերեն»,-ասում է մեր զրուցակիցը՝ վկայակոչելով տարբեր հետազոտություններ, որոնք անգլերենի իմացությունը կապում են տնտեսության զարգացման հետ:
Aravot.am-ի հարցին՝ տպավորություն չունի՞, որ կրթության ոլորտում արվող բարեփոխումները հատվածական են, դրա համար էլ արդյունք չեն տալիս, Հայկ Հովակիմյանն այսպես է արձագանքում. «Միանշանակ համամիտ եմ… Ես մարդ եմ, որն ինչ-որ չափով հետաքրքրվում է Հայաստանում կրթական համակարգի փոփոխություններով, ու ցավոք, չեմ տեսնում ընդհանուր ռազմավարություն կրթության ոլորտում: Հայաստանում հաճախ շինարարությունը խառնում են կրթության զարգացման հետ: Իհարկե ,շատ կարեւորում եմ շինարարությունը, լավ է, որ մանկապարտեզներ են կառուցվում, դպրոցներ են նորոգվում, ճանապարհներ են ասֆալտապատվում, բայց դա կրթության հետ քիչ կապ ունի: Մենք համակարգային խնդիրներ ունենք կրթության ոլորտում, պետք է ուրիշ մոտեցումներ որդեգրենք… Պատկերավոր ասած՝ հիմա օդից բավականին գումար է ընկել մեր գլխին, ուստի պետք է կարողանանք այդ գումարը ճիշտ օգտագործել եւ առաջին հերթին կրթության վրա ծախսել: Եթե այդ ներդրումը չարեցինք կրթության ոլորտում, 10-15 տարի հետո էլի նույն տեղում ենք լինելու ու ոչ մի փոփոխություն չենք տեսնելու»:
Հայկ Հովակիմյանի հարցազրույցի այլ մանրամասները՝ առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը տրամադրել է Հայկ Հովակիմյանը: