Ի՞նչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը ընտրվելուց առաջ իրենց չարչրկած մանդատն ստանալու համար: Ավելի պարզ. ի՞նչ խոստումներով է ստացել այդ չարչրկված մանդատը: Հիշեցնենք, խոսքը ոչ թե 2018 թվականի, այլ արդեն 2021 թվականի մասին է: Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կուսակցության նախընտրական խոստումներում սևով սպիտակի վրա գրված է. «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ:
… Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»: Փաստացի իրականություն. Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը հրաժարվել է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելուց, քանիցս հայտարարել է, թե այդ երաշխավորությունը «պատվիրակված» է ՌԴ խաղաղապահ ուժերին: Լավ, էլ ի՞նչ էր խոստանում, ինչի՞ համար էր մանդատ հայցում Նիկոլ Փաշինյանը: Խնդրեմ. «Արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման համար առանցքային կարևորություն ենք տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակներում բովանդակային բանակցությունների անցկացմանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հիմնախնդրի կարգավորման միակ ընդունված միջազգային ձևաչափն է»: Փաստացի իրողությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ գործող իշխանությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացը լրիվ դուրս է բերել նշված ձևաչափից, մեկումեջ «շորորալով» ռուսական ու եվրոպական կամ արևմտյան միջնորդությունների միջև:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում