Ազատության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն առաջարկեց ձեւավորել 11 հոգուց բաղկացած կոմիտե, որը համազգային շարժմամբ կհեռացնի Հայաստանի գործող իշխանություններին, եւ աշխարհը կողջունի դա:
Պատմական գիտությունների դոկտոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր, Լաչինի նախկին պարետ Ալեքսան Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ «Ղարաբաղ» կոմիտեն տարիներ առաջ իր առջեւ դրած խնդիրները լուծել է, քանի որ պետական լծակներ չեն եղել, սակայն այսօր` պետություն ունենալու պարագայում, նոր կոմիտե ձեւավորել, նշանակում է` պետական լծակները փոշիացնել եւ պատասխանատվությունը վերցնել իշխանությունից եւ դնել տվյալ կոմիտեի վրա։ «Իրականում «Ղարաբաղ» կոմիտեն կար ու գործում էր, որովհետեւ պետությունն իր, մեղմ ասած, բոլոր ռեսուրսները չէ, որ օգտագործում էր` Արցախի հարցի համար: Հետո ձեւավորվեց անկախ պետություն, որն ինքն արել է, անում է եւ պարտավոր է անել, որովհետեւ անկախ պետություն է: Եթե նոր կոմիտեն լինի այնպիսին, ինչպիսին «Ղարաբաղ» կոմիտեն էր, կնշանակի, որ եթե պետությունը ոչինչ չանի էլ, ոչինչ: Բայց այդպես չէ, ամբողջ ռեսուրսները հենց պետության ձեռքին են, եւ եթե մենք ինքնաբուխ կազմակերպություն ենք ստեղծում, նշանակում է՝ պետական ռեսուրսները փոշիացնում ենք: Այդ ռեսուրսները պետք է ծառայեն Արցախին եւ ազդեն Արցախի խնդիրների լուծման վրա: Նոր կոմիտե ձեւավորելով՝ փոշիացնելու ենք պետական ռեսուրսները: Պրոբլեմատիկ հարց է: Բնական է, որ անցյալում «Ղարաբաղ» կոմիտեն լավ կառույց էր, պարզապես հրաշք էր, սակայն այսօր այդ մասին խոսելը չգիտեմ ինչքանով է իրատեսական»,- նշեց Հակոբյանը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: