Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացումները չեն փոխհատուցում գնաճը: Այս պարագայում աննախադեպության մասին խոսելու համար մարդն առնվազն պետք է անմեղսունակ լինի. Նաիրի Սարգսյան. «Փաստ»

Սեպտեմբեր 05,2023 10:27

Միջազգային տարբեր կառույցներ ևս կանխատեսումներ են արել, որ այս տարի Հայաստանին չի հաջողվի երկնիշ թվով տնտեսական աճ գրանցել։«Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանն ասում է՝ տնտեսական աճի կանխատեսումները շատ բարդ են ներկա՝ շատ արագ փոփոխվող աշխարհում:

«Աննախադեպություն» է որակվում նաև թոշակների պարբերական բարձրացումը: Զուգահեռ ռուբլին արժեզրկվում է, գները շարունակում են բարձր մնալ: «Վերջերս եվրոպական, արաբական երկրների իմ ծանոթները, խոսելով հայաստանյան գների մասին, ասում են՝ դրանք շշմելու աստիճանի բարձր են, ինչպե՞ս կարելի է այդ պայմաններում ապրել: Տնտեսագիտական որևէ կանոնի մեր այսօրվա վիճակը չի ենթարկվում: Ավելի շատ ներկրող, քան արտահանող երկիր ենք: Մի կողմից՝ ունենում ենք արտարժույթի արժեքի շարունակական գնանկում, մյուս կողմից՝ ներկրվող ապրանքի գնաճ, ընդ որում՝ աշխարհում գները չեն բարձրացել: Սրա ֆոնին Հայաստանում ապրող այն բնակիչների սպառումն է կրճատվում, որոնք արտերկիր աշխատանքի մեկնածներից են ստանում իրենց եկամուտը: Սա ակնհայտ է իրենց իսկ հրապարակած վիճակագրական տվյալներից: Հայաստանի՝ երեք միլիոն մշտական բնակչության պարագայում, ընդ որում՝ մեր բնակչության մեկ երրորդի չափով էլ զբոսաշրջիկ է եկել Հայաստան, մանրածախ առևտուրն ավելացել է հինգ տոկոսով:

Նշանակում է, որ այն ավելանում է բացառապես Հայաստան այցելած տուրիստների հաշվին: Այս պայմաններում Հայաստանի մշտական բնակչության սպառումը չի ավելացել, հակառակը՝ բնակիչները կրճատում են այն: Հայերենում կան գեղեցիկ բառեր, նույն «աննախադեպը», որը սրանց բերանից անդադար անիմաստ հնչեց: Աննախադեպ կլիներ, երբ մարդկանց եկամուտներն ավելանային գնաճից մի քանի անգամ ավելի: Աշխատավարձի, կենսաթոշակների ու նպաստների բարձրացումները չեն փոխհատուցում գնաճը: Այս պարագայում աննախադեպության մասին խոսելու համար մարդն առնվազն պետք է անմեղսունակ լինի: 3000 դրամ բարձրացնում են կենսաթոշակը, բայց նախորդ տարի բարձրացել է կոմունալների արժեքը, վառելիքի գինն է աստիճանաբար բարձրանում»,-նշում է «Աուդիտորների պալատի» նախագահը:

Նույն զրույցները շարունակվում են նաև կառավարության նիստերի ժամանակ՝ «կառավարությունը պետք է բարեկեցություն ապահովի», իսկ դա, ըստ փաշինյանական կառավարության, չարչրկված խաղաղությունն է: Կարևոր հարցերը տասներորդական պլան են մղված: «Իսկ ի՞նչ էիք ակնկալում այս կառավարությունից: Իշխանության ներկայացուցիչներից շատերը՝ պատգամավոր, կառավարության անդամ և այլք, մինչև 2018 թվականը տարիքն առած մարդիկ էին, բայց նրանց աղջիկ տվող չկար: Եթե ուշադրություն դարձնեք, սկսել են ամուսնանալ պաշտոններ ստանալուց հետո: Հաջորդիվ եկեք երկու խումբ աղջիկների օրինակով բացատրենք: Մի խումբը՝ կրթված, աշխատող, աշխարհընկալում ունեցող, հավաքվում են սուրճ խմելու, զրուցում են կրթությունից, աշխատանքից, ապագայից: Երկրորդ խմբի ներկայացուցիչներն անկիրթ են: Նրանց խոսույթի մեջ լսում եք մատնահարդարման ու վարսահարդարման սրահների մասին և այլն: Եթե նրանց մոտ խոսես ֆիզիկայից ու բարձր արվեստից, քեզ ուղղակի սատանա կհամարեն: Այս կառավարությունը, այս իշխանությունն այդ երկրորդ խումբ աղջիկներն են, սրանց մակարդակն այդ սալոնային ու փաբային մակարդակն է, դրանից ավելի ոչինչ չեն կարող խոսել: Հետևաբար կառավարության նիստերին էլ իրենք պիտի խոսեն անկարևոր թեմաներից: Այսքան է իրենց ուղեղային հնարավորությունը, ինտելեկտուալ խոր ճգնաժամի մեջ են»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

 Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930