Տարիքը, անորակ դոշակը կամ անքնությունը կարող են առավոտյան մարմնի, հոդերի կաշկանդվածության զգացումով արթնանալու պատճառ դառնալ, սակայն երբ դա հաճախակի է պատահում, ապա կարող է արթրիտի մի քանի տեսակների ախտանշաններից լինել, ներառյալ օստեոարթրիտի, որը բավականին տարածված խնդիր է տարեց մարդկանց շրջանում։
Առավոտյան կաշկանդվածության զգացումով արթնանալը նաև բորբոքային բնույթի արթրիտի տարատեսակների նախանշան է, ինչպիսիք են՝
- Ռևմատոիդ արթրիտը,
- Փսորիատիկ արթրիտը,
- Անկիլոզացնող սպոնդիլիտը։
Զարմանալի չէ, որ ծերացումն ու օստեոարթրիտը առավոտյան կաշկանդվածություն են առաջացնում։ Տարիքի հետ հոդաճառները չորանում են, իսկ հոդերն ավելի քիչ քանակությամբ սինովիալ հեղուկ են արտադրում, ինչի պատճառով հոդացավեր ու կաշկանդվածության զգացում է առաջանում։ Սինովիալ հեղուկը պատկերավոր անվանում են «առավոտյան դոնդող», քանի որ հոդերը կարծես կարծրանում են, երբ մի քանի ժամ մարդն անշարժ է մնում։
Սակայն հիշյալ 3 հիվանդությունների դեպքում հենց բորբոքումն է առաջացնում առավոտյան կաշկանդվածության զգացումը։ Օստեոարթրիտ ու բորբոքային արթրիտ ունեցող մարդկանց միջև ամենամեծ տարբերությունն այն է, թե որքան երկար է տևում առավոտյան առաջացող այդ վիճակը։ Օստեոարթրիտ ունեցող մարդկանց մոտ այն հաճախ ընդամենը մի քանի րոպե է տևում և անցնում է, հենց մարդը սկսում է շարժվել։
Բորբոքային արթրիտի դեպքում առավոտյան կաշկանդվածությունն ավելի ուշ է անցնում՝ արթնանալուց մեկ, երբեմն էլ՝ մի քանի ժամ անց։
Առավոտյան կաշկանդվածությունը անկիլոզացնող սպոնդիլիտի առավել տարածված ախտանշաններից է․ այս հիվանդությունն առավելապես ախտահարում է ողնաշարը, ազդրերն ու ծնկները․ ավելի հաճախ է արտահայտվում կաշկանդվածության զգացումը գոտկատեղի ու պարանոցի շրջանում։
Կարդացեք նաև
Անշարժ երկարատև դիրքը՝ ասենք ութժամյա քունը և այլն, խորացնում է կաշկանդվածության զգացումը, որը կարել է թեթևացնել տաք ցնցուղով կամ ֆիզիկական թեթև վարժություններով։
Հոդերի առավոտյան կաշկանդվածություն կարող են առաջացնել նաև առողջական հետևյալ վիճակները՝
- Վահանաձև գեղձի հիվանդությունները,
- Վիտամին D-ի անբավարարությունը,
- Ֆիբրոմիալգիան,
- Ճարպակալումը։
Եթե 3 և ավելի օր շարունակ մարդն արթնանում է մարմնի ուժեղ կաշկանդվածության զգացումով, ապա պետք է դիմել բժշկին։
Հոդերի հետազոտությունը, արյան և սինովիալ հեղուկի անալիզը կօգնեն պարզել առավոտյան կաշկանդվածության պատճառներն ու արդյունավետ բուժում նշանակել։
Օստեոարթրիտի դեպքում կարող են օգնել առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողները։ Եթե պատճառը բորբոքային արթրիտն է, բժիշկն ամենայն հավանականությամբ հակաբորբոքային դեղամիջոցներ կնշանակի։
Առավոտյան կաշկանդվածության հաղթահարմանը կարող է նպաստել նաև թեթև մարմնամարզությունը, յոգան, կենսակերպի փոփոխությունները, ինչպիսիք են քաշի ու սթրեսի նվազեցումը, ֆիզիոթերապիան։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ