Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարձրացնել լեգիտիմությունն ու հեղինակությունը

Սեպտեմբեր 05,2023 10:00

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ անցած շաբաթ տված հրաժարականը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք է տվել: Ինքը՝ պաշտոնաթող նախագահն իր քայլը հիմնավորել էր, ըստ էության, երկու փաստարկով:

1/ Պատերազմում պարտությունը եւ երկրում ստեղծված վիճակն էապես նվազեցրել են իշխանությունների ու նախագահի հանդեպ վստահությունը, եւ դա, իհարկե, ճիշտ է:

2/ Իր՝ Արայիկ Հարությունյանի կենսագրությունը եւ դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը խոչընդոտում են Արցախի իշխանությունների հետագա քայլերին եւ ճկուն քաղաքականությանը: Այդ փաստարկը վիճելի է. չեմ կարծում, որ Ադրբեջանի համար ընդունելի չէ հատկապես նրա անձը: Ադրբեջանը փորձելու է իրականացնել իր մոտակա ռազմավարական նպատակը՝ Արցախի հայաթափումը՝ անկախ այն բանից, թե ով է զբաղեցնում նախագահի պաշտոնը:

Հայաստանում իշխանության կողմնակիցները, որոնք, այսպես ասած, «մասնագիտանում են արեւմտամետության գծով», առաջ են քաշում մեկ այլ վարկած՝ Արայիկ Հարությունյանին հրաժարական է պարտադրել Ռուսաստանը: Դա էլ առանձնապես համոզիչ չի հնչում. դժվարանում եմ պատկերացնել, որ նախկին նախագահն ինչ-որ հարցերում հակադրվեր ռուս խաղաղապահներին եւ, ճիշտն ասած, չգիտեմ էլ, թե ինչպես է դա հնարավոր: Այո, այդ խաղաղապահներն իրենց պարտականությունները շատ վատ են կատարում, բայց Արցախի վերնախավի ցանկացած ներկայացուցիչ, վստահ եմ, հասկանում է, որ մոտակա ժամանակահատվածում առանց այդ կոնտինգենտի վիճակն էլ ավելի ծանր է լինելու:

Վիճելի է նաեւ հայաստանյան ընդդիմադիրների թեզը, թե իբր Արայիկ Հարությունյանը Հայաստանի իշխանության հենարանն էր, առանց որի այդ իշխանությունը կթուլանա: Իրականում Փաշինյանի հենարանը նրա ընտրազանգվածն է, որը խորապես անտարբեր է Արցախում կատարվող իրադարձությունների, 120 հազար մարդու ճակատագրի հանդեպ: Ներկայիս վարչապետի մեջ այդ զանգվածը իրավացիորեն տեսնում է իր, մեղմ ասած, կենցաղային մտածելակերպի արտապատկերը եւ, միեւնույն է, շարունակելու է նրան աջակցել:

Ինչ է պետք սպասել Արցախի Հանրապետության նոր ղեկավարությունից: Եթե մեկ բառով ասենք, դա հստակությունն է: Այսինքն՝ պետք է պարզ լինի, թե ինչպես է ընդունվում այս կամ այն որոշումը, ով է դրա պատասխանատուն, ով է իրականացնողը, եւ եթե ինչ-որ մի որոշում ընդունվում է, ապա ընթացքում, կես ճանապարհին այլ որոշում չընդունվի: Դա ցանկացած պետության հիմքերի հիմքն է, առավել եւս՝ այսպիսի ծանր վիճակում գտնվող:

Ինչ կարող են այս առումով ակնկալել արցախցիները մեզնից՝ Հայաստանի Հանրապետությունում եւ աշխարհում ապրող հայերիցս: Գուցե ոչ պոպուլյար կարծիք հայտնեմ, բայց ինձ թվում է, որ մենք պետք է ամեն ինչ անենք՝ Արցախի պետական կառույցների ղեկավարների հեղինակությունը եւ լեգիտիմությունը բարձրացնելու համար: Ով էլ լինի հաջորդ նախագահը, նա պետք է Հայաստանում եւ աշխարհում ընկալվի որպես մեր կողմից ընդունված լիդեր: Իհարկե, գայթակղիչ է հիմա արցախյան պետական գործիչների մասին ծանր խոսքեր ասելը, բայց ես, օրինակ, չհրաժարվելով զուսպ քննադատությունից, այս հարցում նրբանկատ կլինեի:

Եվ վերջում մի առաջարկ անեմ, որը նույնպես շատերին դուր չի գա. պետք չէ այդքան հեշտ իրար երեսի շպրտել «դավաճան» բառը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ. Շ. says:

    Փաշինյանական Հայաստանի վարչակարգի՝ արցախեան մասնաճիւղն էր, ստորադաս պետական կառոյց մը, հրաժարեալ Արայիկ Հարությունյանի վարչակարգը:

    Հետեւաբար, ասել թէ երկրորդը առաջինին «հենարան»ն էր, ծիծաղելի ընդդիմադիր թեզ մըն է:

    Հայաստանի վարչակարգի ընթացիկ դիրքորոշումը այն է որ՝ Արցախի պետութեան ճակատագրի առնչութեամբ, սոյն ՀՀ վարչակարգը այլեւս բան չունի անելիք: Դա իր գործը չի:

    Այդ դիրքորոշման ծիրին մէջ, բնական եւ տրամաբանական էր որ ՀՀ վարչակարգը վերջապէս փակէր նաեւ իր Արցախի մասնաճիւղը:

    Հետեւաբար, Արայիկ Հարությունյանի հրաժարականը ձեռնտու է՝ Փաշինյանին: Քանզի այսուհետեւ ինք որեւէ կապ չունի Արցախի պետական ղեկավարութեան հետ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930