«Զրո մահացություն՝ ավտովթարներից». «Ապրելու երկիր» կուսակցությունն այս նպատակադրումն ունի՝ ապագա ապահով Երեւանի համար:
Կուսակցության նախընտրական ծրագրում ամրագրված է «Ապահով Երևան» ունենալու տեսլականի գլխավոր բաղադրիչների մեկը՝ «Vision Zero» հայեցակարգի ներդրումը։ Այս հայեցակարգը միջազգայնորեն ընդունված, ամենաարդյունավետ ծրագրերից է, և բազմաթիվ զարգացած քաղաքներ արդեն իսկ «Vision Zero» շարժման անդամ են։
Կարդացեք նաև
Այսօր «Vision Zero» հայեցակարգի ներկայացման ժամանակ Դուբայում գործող 4E Road Safety & Transport Consultants (4E Ճանապարհային անվտանգության և տրանսպորտի խորհրդատու) առաջատար ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Թավաբ Քազեմին, ով կուսակցության հրավերով Հայաստանում է, ցույց տվեց, թե ինչ առավելություններ ունի Vision Zero հայեցակարգը եւ ինչ հեռանկար է սպասվում Երեւանին՝ այն ներդնելու դեպքում:
Հարցին՝ արդյոք ուսումնասիրե՞լ եք Հայաստանում ճանապարհային երթեւեկությունը եւ մեր բնավորությունը՝ մեքենա վարելու՝ նա պատասխանեց. «Նախ ծրագիրը շատ պրակտիկ է, որովհետեւ մարդկանց կյանքերը փրկելուց ավելի պրակտիկ բան որեւէ տեղ աշխարհում լինել չի կարող: Ինչ վերաբերում է Հայաստանին,պետք է փորձենք հասկանալ, թե ելակետային ինչ իրավիճակ է, որտեղ ենք գտնվում, այդտեղից ոնց ենք առաջ շարժվում ու ոնց ենք հասնում մեր ցանկալի նպատակին: Մոտեցումները համընդհանուր են, որովհետեւ մարդու օրգանիզմի կառուցվածքը նույնն է ամենուր ու այն արագությունները, որ կարող են հանգեցնել ծանր վնասվածքների, կամ մահվան, պետք է կանխարգելել, որպեսզի հնարավոր չափով վիճակագրությունը թեթեւացնենք: «Vision Zero» ասվածը ենթադրում է փոխգործակցություն եւ համատեղ ջանքերի ներդրում: Նպատակը իրատեսական է: Եթե տեսնեք, թե ինչպես են այլ երկրներ հասել այդ նպատակներին՝ միջոցները տարբեր են եղել՝ տարբեր ժամանակահատվածներում: Կարեւորը՝ սկսեք»:
Փորձագետը Հայաստանում արդեն իսկ նկատել է, որ վարորդները մշակութային խնդիր ունեն, ամրագոտի ոչ միշտ են կապում. «Կարեւոր է հասկանալ, որ կյանքը գին չունի, այսինքն, անգին է»:
Շվեդիայի Vision zero ակադեմիայի ներկայացուցիչ Քենեթ Սվենսոնը ևս ներկայացրեց հայեցակարգի սկզբունքները։ «Ապրելու երկիրը» և 4E Road Safety & Transport Consultants ընկերությունը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ հետագա համագործակցությունն ամրապնդելու եւ արդյունավետ գործակցելու նպատակով՝ ամրագրելով՝ Երևանը պետք է անվտանգ լինի տեղաշարժվելու, երթևեկելու և ապրելու համար։
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ