Արդյոք բանակցողի փոփոխությունը այլեւս իրավիճակ չի կարող շտկել՝ Նաիրա Զոհրաբյանի այս հարցին ի պատասխան ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ-ի «Արցախի սեղմվող օղակը» թեմայով քննարկման ժամանակ այսպես արձագանքեց. «Թվում է՝ արդեն վերջ… Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության բոլոր գլուխգործոցները բերել են մի կետի, որ նույնիսկ Հայաստանի Հանրապետության ապագայի մասին խոսելն է շռայլություն, բայց այնուամենայնիվ մի բան պետք է նկատի ունենալ, որ աշխարհում սկսված պրոցեսները դեռ նոր են թափ առնում եւ զարգանում, որ աշխարհը գնալու է նաեւ աշխարհաքաղաքական փոփոխությունների, ուժային կենտրոնների ազդեցության գոտիների վերաձեւավորման, գուցե նաեւ նոր քարտեզներ գծելու, ազդեցության գոտիներ միմյանց մեջ բաժանելու, եւ այդ ընթացքում Հայաստանի Հանրապետությունը այլ երկրների հետ միասին ուզի թե չուզի պետք է գտնվի սեփական տեղը գտնելու մրցավազքի մեջ՝ Նիկոլի հետ, թե առանց նրա…Դա փաստ է»:
Արտակ Զաքարյանի խոսքով. «Այն պարագայում կարելի էր համաձայնվել արեւմտյան տեսակետների հետ, որ Նիկոլն արդեն ամբողջությամբ կործանել է Արցախը, եթե Արցախն այսօր չպայքարեր: Երեւի թե արեւմտյան տրամաբանության մեջ չի տեղավորվել մի հանգամանք, որ կարելի է սոված մնալ, բայց չհանձնվել, կարելի է գազ, լույս, կամ առավոտյան էսպրեսո չունենալ, բայց շարունակել ապրել եւ մեծ ու փոքր առանց նախապայմանների՝ պայքարել սեփական հայրենիքի համար … Սա եվրոպական շրջանակային տրամաբանության մեջ չէր կարող մտնել, դրա համար էլ այդպես է ստացվել: Նույն եվրոպացիների ուղեղների մեջ չի տեղավորվում, ո՞նց կարող է հայ ժողովուրդը 2021թ նորից Նիկոլ ընտրել: Փորձում էինք բացատրել, ուղեղներում չէր տեղավորվում, ասում էին դա նորմալ չէ, աննորմալ երեւույթ է:
Հիմա մենք էլ այսպես ենք՝ հայ ժողովուրդը իր ծայրահեղ դրսեւորումներով աննորմալ երեւույթներ սիրում է, բայց ցանկացած աննորմալ երեւույթի տակից դուրս է գալիս: Եվ Նիկոլի բանավոր հայտարարությունն էլ դեռ չի նշանակում, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվել է Արցախից կամ իր ապագայից, իր անվտանգության բաղադրիչներից, իր՝ տարածաշրջանում ունեցած դերից եւ նշանակությունից:
Տեսնում եմ որոշակի զարգացումներ, որոնք հմուտ քաղաքականության, հմուտ բանակցողների, հմուտ ղեկավարների պարագայում Հայաստանի Հանրապետությանը կարող են էապես նպաստավոր դիրքերի բերել»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ