Շիրակի մարզի 9 գյուղական բնակավայրեր չունեն առաջին դասարանցիներ։
Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Հրայր Կարապետյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ դրանք հիմնականում այն դպրոցներն են, որոնք նախորդ ուսումնական տարում չեն ունեցել առաջին դասարանցիներ։
Մարզի գյուղական համայնքների 5 դպրոցներն էլ ուսումնական տարին սկսել են մեկ առաջին դասարանցիով։
Մենք ճշտեցինք, որ առաջին դասարանցիներ չունեցող համայնքները հիմնականում Ամասիայում ու Աշոցքում են գտնվում։ Դրանց թվում են Սարակապը, Շաղիկը, Արդենիսը, Ալվարը, Սարագյուղը, Լեռնուտը, Զարիշատ, Ջաջուռ կայարանը, Աղվորիկը։ Կան նաև գյուղեր Ախուրյան խոշորացված համայնքում։
Կարդացեք նաև
Մեկ աշակերտ ունեցող գյուղեր են Անի կայարան, Ձորաշեն, Սարապատի տարրական դպրոցը և Սիզավետի միջնակարգ դպրոց։
Aravot.am-ը մի քանի գյուղերի օրինակով անդրադարձել է այն փաստին, որ գյուղական համայնքների մեծ մասը սոցիալապես ապահովված է, զբաղվում են անասնապահությամբ, երբեմն վարձու աշխատակիցներ պահում են նաև Գյումրիից, սակայն իրենց երեխաներին ուսման են ուղարկում Գյումրի։
Օրինակ՝ Ամասիայի հեռավոր գյուղերից՝ Շաղիկի և Ալվարի դպրոցները շենքերը շքեղ վերանորոգված են, երկու գյուղն էլ դրախտավայր է հիշեցնում․ չքնաղ բնություն, գեղեցիկ տներ, սակայն ճանապարհների դժվարանցանելի լինելու պատճառով մարդիկ մշտական բնակության չեն մնում։
Արփի լճի ափին գտնվող Շաղիկում, օրինակ՝ ձմռանը 8-10 բնակիչ է մնում, մնացածները գնում-գալիս են։ Նրանք հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։
Գյուղը լքելը երբեմն բացատրում են միջավայր, հետաքրքրիր շփումներ չունենալով։
Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Հրայր Կարապետյանն մեզ հետ զրույցում ևս ասաց, որ տվյալ բնակավայրերը զբաղվածության խնդիր չունեն, հիմնական զբաղվածությունը հողագործությունը և անասնապահությունն է։
«Ծնողների մոտ մի այսպիսի տենդենց է նկատվում, որ փորձում են երեխաներին ավելի որակյալ կամ ասենք քաղաքային բնակավայրերում գործող հանրակրթական ուսումնական հաստատություններ տեղափոխել՝ իրենք իսկ մնալով տվյալ բնակավայրում։
Դրա համար վերջերս շատ է շեշտվում այդ մասին, նաև վարչապետի առաջարկած «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով յուրաքանչյուր մարզում կլաստերների են բաժանված դպրոցները, որտեղ որ հիմնականում փորձում են ստեղծել համայնքային կենտրոններ, որտեղ կմիավորնեն 2-3 բնակավայրերի քիչ քանակությամբ աշակերտական, հանրակրթական ուսումնական հաստատություններ և կստանանք ավելի մեծ խոշոր դպրոցներ։ Այնտեղ կգործեն մանկապարտեզներ, դպրոցներ և մշակութային օջախներ։ Տվյալ պարագայում կարծում եմ բացը կփորձենք լրացնել։ Եվ ծնողներն այլևս չեն փորձի երեխաներին տեղափոխել այլ բնակավայրեր»,-ասում է Հրայր Կարապետյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ