ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի եւ Արփինե Դավոյանի հեղինակած ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցող Հասմիկ Հակոբյանի՝ առաջարկվում է ԱԺ պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազի միջնորդագիրն Ազգային ժողովը կարող է քննարկել նաեւ արտահերթ նստաշրջանում կամ նիստում:
«Այս նախագծով միջնորդագրի քննարկումը չի ձգձգվի՝ պայմանավորված զուտ ձեւական կարգավորումներով»,- ասել է հիմնական զեկուցողը:
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը հետաքրքրվել է, թե ինչն է նախագծի ներկայացման հրատապությունը: Ի պատասխան նշվել է, որ նախագծի ներկայացման հրատապություն չկա, այդ իսկ պատճառով օրինագիծը ներկայացվել է հերթական նիստում:
Կարդացեք նաև
Հարակից զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանը նշել է, որ օրենքի նախագիծը, պայմանավորված զուտ ձեւական կարգավորումներով, թույլ չի տալիս անտեղի ձգձգել միջնորդագրի քննարկումը խորհրդարանում: Նա գործընկերներին կոչ է արել կողմ քվեարկել:
Ըստ համահեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի՝ օրենքի նախագծով նույն կարգավորումները շարունակվելու են գործել, օրենքի ոգին եւ իմաստը չեն փոխվում:
ՀՀ արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը ներկայացրել է Կառավարության դրական եզրակացությունը:
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փաստել է, որ օրինագծի հեղինակները սահմանադրական-իրավական նորմը տեղայնացրել են օրենքում:
Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ՀՀ ազգային ժողով