Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում այսօր շարունակվեց «Տիգրան Ավինյանն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի եւ «168 ժամի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:
Հայցվորի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ իրենք հայցապահանջի հստակեցում են արել: Ըստ էության, նախնական հայցապահանջում ընդգրկված վիրավորանքի եւ զրպարտության ցանկան են ճշգրտել, համալրել, ընդլայնել:
Նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ հայցվորի ձեւակերպումը՝ «հայցապահանջի հստակեցում» ձեւակերպումը:
Պատասխանողի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի դիտարկմամբ, հայցվորի սահմանումը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված չէ, սահմանված է հայցապահանջի առարկայի փոփոխություն, լրացում, ինչն, ըստ էության արվել է: Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Արամազդ Կիվիրյանն ասաց. «Դատարանն այդպես էլ ընդունեց ներկայացված փաստաթուղթը, քանի որ հայցվոր կողմը այդ փաստաթղթով, ըստ էության, լրացրել էր իր նախնական հայցապահանջը: Մեր կարծիքով, դա այլ ընթացակարգով պետք է տեղի ունենար, մեր դիտարկմամբ՝ թերի փաստաթուղթ է, այնուամենայնիվ, դատարանն այն դիտարկեց, որպես հայցապահանջի փոփոխությանն ուղղված գործողություն. այսինքն՝ կամ պետք է թույլատրի, կամ՝ մերժի: Կարծում եմ՝ կթույլատրի»:
Կարդացեք նաև
Արամազդ Կիվիրյանը տեղեկացրեց նաեւ, որ կողմը գրավոր ներկայացրել է՝ թե ի՞նչն է դիտարկում վիրավորանք, ի՞նչը՝ զրպարտություն. «Այլ հարց, որ դրանք մեզ համար ընդունելի չեն: Հստակեցված հայցապահանջի առարկայի վերաբերյալ դիրքորոշումն արդեն նոյեմբեր ամսին կներկայացնենք»:
Պայմանավորված հայցապահանջի լրացմամբ, այսօրվա նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվել է նոյեմբերի 8-ին:
Լրագրող Դավիթ Սարգսյանի կարծիքով, հայցվոր կողմն ամեն ինչ արեց՝ հետաձգելու այս դատական նիստը, իսկ պատճառը՝ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավն է: Դավիթ Սարգսյանի կարծիքով, հայցվորը ցանկանում է, որ Տիգրան Ավինյանի կոռուպցիոն գործողությունների մասին հնարավորինս քիչ խոսվի այս շրջանում: Դավիթ Սարգսյանը հիշեցնում է՝ նախորդ նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչները չհերքեցին ռեպորտաժում ներկայացված որեւէ փաստ. «Ընդամենը ցանկանում են մեզ ստիպել, որ ներողություն խնդրենք՝ այդ փաստերի հիման վրա արված գնահատողական դատողությունների համար, ինչը մենք չենք անելու»:
Քանի որ նախորդ նիստում, Դավիթ Սարգսյանի գնահատմամբ, հայցվորն, ըստ էության ընդունել է իրենց հիմնավորումները, այսօր, առնվազն զարմանալի էր, որ հայցվորը ոչ թե հրաժարվում է հայցապահանջից, այլ նոր հայցապահանջ է ներկայացնում:
Հիշեցնենք, 2023թ. փետրվարի 25-ին 168.am- կայքի յութուբյան ալիքում հրապարակվեց լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի մասին՝ «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» վերնագրով: Տեսանյութում օգտագործվել են Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, բացառապես բաց աղբյուրներից վերցված այլ տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, ունեցվածքի մասին: Ռեպորտաժի հեռարձակումից հետո, Տիգրան Ավինյանը դիմել էր դատարան՝ ընդդեմ լրագրողի եւ լրատվամիջոցի՝ պահանջելով ներողություն խնդրել եւ հերքել՝ իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորող տեղեկությունները: Տիգրան Ավինյանը նաեւ դրամական փոխհատուցման պահանջ ուներ. 9 միլիոն դրամի չափով կալանք էր դրվել լրագրողի դրամական միջոցների ու գույքի վրա: Տիգրան Ավինյանը պահանջել էր նույն չափով կալանք դնել նաեւ «168 ժամ» ՍՊԸ-ի անշարժ գույքի եւ դրամական հաշիվների վրա: Դատավոր Էդուարդ Ամալյանն այն մերժել էր:
Ընդհանուր առմամբ՝ Տիգրան Ավինյանը պահանջել էր 18 միլիոն դրամի արգելանք դնել լրագրողի ու լրատվամիջոցի գույքերի ու հաշվի վրա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ