Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Ապրելու երկիրը» նախընտրական քարոզարշավ իրականացրեց Ավան վարչական շրջանում: Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը,խոսելով քաղաքական դաշտի մասին՝ հայտարարեց. «Ես տեսնում եմ թիմեր, ովքեր կարմիր գծեր են հատում, բամբասանքով են զբաղված, ովքեր անձնական տիրույթ են մտնում մարդկանց եւ այդ ամենը անում են անամոթաբար: Սա ավելի ցավալի չէ անձերի տեսանկյունից, որքան արժեհամակարգի: Մենք ասում ենք՝ սեպտեմբերի 17-ին վերջ եք տալու այդ ամենին, որակ է գալիս քաղաքական խոսքի, մշակույթի մեջ ու ինչն ամենակարեւորն է՝ վարքագծի»:
Քարոզարշավի ժամանակ Մանե Թանդիլյանը, շրջելով թաղերում, ասաց, որ «Ապրելու երկիրը» ամենայն պատասխանատվությամբ է պատրաստվել այս ընտրություններին ու լուծումները, որոնք առաջարկում են, ունեն ժամանակացույց. «Մենք գիտենք, որ ձեզ բազում խոստումներ են տվել եւ չեն կատարել: Դրա համար ենք ներկայացրել բուկլետներ, որտեղ ժամանակի մեջ վերահսկելու եք մեր աշխատանքն ու մեր ներկայացրած ծրագրերի իրականացումը: Անպայման մասնակցեք ընտրություններին, որովհետեւ դրանք կարեւոր են Երեւանի պատմության մեջ՝ քաղաքական եւ քաղաքային առումով: Այս ընտրություններով շատ բան է որոշվելու՝ փոխո՞ւմ ենք մեր ճանապարհը ու կտրուկ գնում դեպի վերելք, թե՞ շարունակում գլորվել դեպի անդունդը, որը մեզ համար պատրաստել են այսօրվա իշխանությունները»:
Ավանցիներից մեկը Մանե Թանդիլյանին ասաց. «Մեզ գիտե՞ք ինչ է պետք՝ մի հատ լավ կազմակերպված, խելացի անձ, տղամարդ, որ կարողանա էս երկիրը փոխի»: Մանե Թանդիլյանը զարմացավ՝ կանայք անձ չե՞ն: Կինը, հասկանալով սխալը, սկսեց ծիծաղել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ