Նախագծի նպատակը ՀՀ եւ ԵՄ միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով՝ ՍԵՊԱ-ով, մեր երկրի ստանձնած պարտավորությունների կատարումն է, մասնավորապես, ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու պարտավորության կատարումը: Այս մասին ««Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի զեկուցման ընթացքում ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ին կայացած հերթական նիստի ընթացքում:
Գերատեսչության ներկայացուցչի համոզմամբ օրենքի նախագծի վրա աշխատել է միջազգային փորձագիտական խումբ, ուսումնասիրվել է նման մեխանիզմներ գործարկած երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի փորձը:
«Ընտրել ենք ՀՀ համար առավել կիրառելի եւ լավագույն տարբերակը, այն է, երբ ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինն ինքը պետք է հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ, այսինքն՝ առաջարկի փոփոխություններ, որոնցով իր ոլորտի համապատասխան հարաբերությունները կարգավորող օրինագծերը պետք է մոտարկվեն ԵՄ օրենսդրությանը: Առաջինից երկրորդ ընթերցում մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ են կատարվել»,- ասել է Արա Մկրտչյանը:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Նա հիշեցրել է, որ նախագծի հիմնական նպատակն է լիազոր մարմնին նշանակել պատասխանատու՝ ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը մոտարկելու ճշգրտությանը հետեւելու համար:
Կարդացեք նաև
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:
ՀՀ ԱԺ