Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվան դժգոհ է Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններից

Սեպտեմբեր 04,2023 17:40

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» և ՏԱՍՍ լրատվամիջոցները, հղում կատարելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, գրել են, որ Կրեմլում դժգոհ են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ La Repubblica թերթին տված հարցազրույցում հնչեցրած, ինչպես նաև Հայաստանի ԱԳՆ օգոստոսի 31-ի հայտարարություններից:

«Մենք չափազանց դժգոհ ենք Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում հնչեցրած արտահայտություններից և Հայաստանի ԱԳՆ՝ օգոստոսի 31-ի մեկնաբանությունից, դրանք գնահատում ենք որպես տոնի և բովանդակության առումով անընդունելի՝ միտված Ռուսաստանի վրա գցելու սեփական սխալների և սխալ հաշվարկների պատասխանատվությունը»,- ասել է աղբյուրը:

Ըստ դիվանագետի՝ Ռուսաստանը ցանկանում են «արհեստականորեն դուրս մղել Հարավային Կովկասից», դրանում օգտագործելով Երևանը որպես միջոց: «Ռուսաստանը՝ որպես Հայաստանի մոտ հարևան և բարեկամ, մտադրություն չունի դուրս գալ տարածաշրջանից: Բայց դա պետք է լինի երկկողմ երթևեկությամբ փողոց: Հայաստանը ինքն էլ լավ կանի՝ գործիք չդառնա Արևմուտքի ձեռքում՝ Ռուսաստանին դուրս մղելու գործում»,- ասել է աղբյուրը:

Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտում է ոչ թե «որևէ երկրի՝ մյուսից կախվածություն, այլ իրավահավասար, փոխադարձաբար օգտակար և իր արդյունավետությունն ապացուցած գործընկերություն»:

Դիվանագիտական աղբյուրը նաև «սուտ» է անվանել այն թեզը, որ «Ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ»: «Դիմակայության արմատը Ադրբեջանի ԽՍՀ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակի հարցն է, ընդ որում, Երևանը երկար ժամանակ իր վերահսկողության տակ էր պահում Ադրբեջանի սեփական տարածքների մի մասը»,- ասել է դիվանագետը:

Գործակալության զրուցակիցը նաև ասել է, որ 2020թ. պատերազմը գերազանցապես արդյունք է եղել Հայաստանի ղեկավարության «չմտածված և սադրիչ քայլերի», այդ թվում «Արցախը Հայաստան է» արտահայտության, ինչպես նաև Շուշիում Արցախի նախագահի երդմնակալության: «Դա զգալիորեն արժեզրկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ կողմերի գրանցած պայմանավորվածությունները: Եթե չլիներ Ռուսաստանի և անձամբ Ռուսաստանի նախագահի միջամտությունը, ռազմական գործողությունների արդյունքն է՛լ ավելի ողբերգական կլիներ,- ասել է նա: – Ընդ որում, արդեն պատերազմի մեկնարկից երեք շաբաթ առաջ Ռուսաստանի նախագահը կոչ է արել Հայաստանի վարչապետին համաձայնել հրադադարին, ինչը հնարավորություն կտար խուսափել զոհերից և ապահովել խաղաղություն և հանդարտություն Լեռնային Ղարաբաղի տարածքում»:

Նա նաև անհիմն է համարել այն պնդումները, թե Ռուսաստանը լիարժեք անտարբեր է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հարցում: Նրա խոսքով՝ տեղի են ունեցել համապատասխան խորհրդակցություններ երկու երկրների ԱԳՆ-ների, պաշտպանության նախարարությունների մակարդակով, ինչպես նաև ՀԱՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչների այցեր տարածաշրջան: Այնուամենայնիվ, դիվանագետը նշել է, որ Հայաստանը լիարժեք չի օգտագործում ՀԱՊԿ ներուժը, ինչը մասնավորապես դրսևորվել է կազմակերպության առաքելության տեղակայմանը համաձայնություն չտալու մեջ՝ հօգուտ «ԵՄ ցածր արդյունավետությամբ առաքելության»:

Ըստ դիվանագետի՝ անդառնալիության կետը 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023թ. մայիսի 14-ի Բրյուսելի հանդիպումներն էին ԵՄ հովանու ներքո, որտեղ Հայաստանի ղեկավարությունը 180 աստիճանով շրջադարձ կատարեց «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունից դեպի Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչել:

«Դա գլխիվայր փոխեց 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների պայմանները և առավելագույն կերպով բարդացրեց Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորամիավորման աշխատանքը»,- ասել է նա:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930