Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը. մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել:
Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության հինգ մարզերում գտնվող 11 պատմամշակութային օբյեկտներ:
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Հայրենիք» կինոթատրոնի շենքը, որը կառուցվել է 1951 թ. (ճարտ. Գր. Աղաբաբյան), Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի շենքի գլխավոր ճակատը զարդարող «Ծիլ և արև» (1970 թ.) (հեղինակ՝ Կ. Եղիազարյան, համահեղինակներ՝ Մ. Քամալյան, Ց. Ազիզյան) խճանկարը:
Հուշարձանի կարգավիճակ ստացած և պետական պահպանության վերցված մյուս հուշարձաններն են Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սբ. Գրիգոր եկեղեցական համալիրի տարածքում գտնվող եռանավ սրահը (վաղ միջնադար, V-VI դդ.), Մելիքգյուղ գյուղի Դամբարանադաշտը (վաղ բրոնզեդար, Ք. ա. III հազ., ուշ բրոնզ-վաղ երկաթ), Արմավիրի մարզի Բագարան գյուղի Երվանդակերտ քաղաքատեղին ((դաստակերտ) մ. թ. ա. 3-րդ դ.– մ. թ. 14-րդ դ.), ապարանքը (մ. թ. ա. III դ.- մ. թ. IV դ.) և նույն մարզի Խանջյան գյուղի դամբարանադաշտը (Ք. ա. II-I հազ.), Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի Արտանիշ- 9 բնակատեղին (վաղ բրոնզի դարի II փուլ, մ. թ. ա. 28-26-րդ դդ.) և Արտանիշ- 9 դամբարանադաշտը (մ. թ. ա. 24-23-րդ դդ.), Սյունիքի մարզի Տոլորս գյուղի Սբ. Հռիփսիմե միանավ բազիլիկ եկեղեցին (1861 թ.), Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի ժայռափոր (վիմափոր) ջրաղացը (XIII-XIV դդ.):
Կարդացեք նաև
Հանդիպմանը քննարկվել են նաև պատմության և մշակույթի 32 անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը: Ըստ սահմանված կարգի՝ դրանք կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը: Ներկայացվել և հանձնաժողովի հավանությանն է արժանացել Լոռու մարզի Ակներ գյուղի քարայր-կացարանների համալիրը (10-19-րդ դդ.) օգտագործման հանձնելու ծրագիրը:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ