Այսօր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանն այցելել է Վանաձոր և մասնակցել ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի նոր մասնաշենքի բացման արարողությանը։
ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը ողջունելով ներկաներին` նշեց, որ երկար են սպասել նոր մասնաշենքի բացմանը։
-Որոշեցինք տեղափոխվել այս շենքը և միասնական ջանքերով բացել այն։ Սկզբից բոլոր թերահավատ էին, անգամ հակադրվում էին։ Ասացի` ոչ, ինչ էլ լինի` պետք է անենք։ Ես ուղղակի հիացած եմ առաջին կուրսեցիներով, մեր մյուս կուրսերի ուսանողներով, դասախոսներով, վարչական կազմով, որոնք ամեն րոպե համախմբված օգնում էին ընթացիկ աշխատանքներին, – ասաց Էլֆիք Զոհրաբյանը` ավելացնելով, – Մեզ համար առաջնայինը կրթության որակն է։ Ունենք նվիրյալ դասախոսական կազմ, ովքեր անտրտունջ աշխատում են։ Այս բուհը պետք է տանեմ հաջողության,-նշեց ԵԹԿՊԻ-ի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը։
ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Սառա Նալբանդյանն իր ելույթում ընդգծեց Վանաձորի մասնաճյուղի կարևոր դերակատարությունը մարզի մշակութային կյանքում։ Ռեկտորը շնորհավորեց ուսանողներին և դասախոսներին` մաղթելով անխոչընդոտ ուսումնական գործընթաց։
Կարդացեք նաև
-Պատերն ու հատակն, իհարկե, շատ կարևոր են, բայց ավելի կարևոր է ուսման որակը։ Համոզված եմ, որ մասնաճյուղն ունի հսկայական ներուժ` այդ որակն ապահովելու համար,-նշել է Սառա Նալբանդյանը։ Ռեկտորը հանձնեց նաև այս տարվա շրջանավարտների դիպլոմները։
Այնուհետև Էլֆիք Զոհրաբյանի ուղեկցությամբ ռեկտոր Սառա Նալբանդյանը, ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Նարինե Սարգսյանը, դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնի վարիչ Ժիրայր Դադասյանը շրջայց կատարեցին նոր մասնաշենքում։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ