Լրահոս
Օրվա լրահոսը

Տելեմակ Անանյան․ Շինթույլտվությունների գործընթացում կոռուպցիոն միլիոնավոր գումարներ են շրջանառվում

Սեպտեմբեր 04,2023 17:01

Երեւանում կառուցապատումն իրականացվում է Քաղաքաշինության մասին օրենքի շրջանակներում․ այն կառուցապատումը, որը հիմա տեղի է ունենում՝ խիստ համապատասխանում է Երեւանի գլխավոր հատակագծին։ Այս մասին այսօր «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի տեղակալ, Երեւանի ավագանու անդամի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Ստեփան Մաչյանը։

Քննարկման մասնակիցներից Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանն ասաց՝ քաղաքաշինական նորմերն այնպես են գրված, որ մեծամասամբ այսօր բնակիչներին անհանգստություն պատճառող կառուցապատումները համապատասխանում են հատակագծին։

«Դավիթաշենի 1-ին թաղամասում հենց հիմա շենք է կառուցվում, շատ ամուր հիմքով, բայց քանդելով կողքի շենքերի հիմքերը։ Խախտվում են իզոլյացիոն չափանիշները, որը հաշվարկում ներառված չեն եղել, մի քանի բարձրահարկ շենքեր խցկված են տարածքում։ Մեր շենքի դիմաց շենք է կառուցվում, իզոլյացիան խախտված չէ, բայց չեմ պատկերացնում, թե ինչպես է բավարարվելու հարակից տարածքների թողունակությունը։ Երբ մենք առաջարկում են մաստեր պլան, գտնում ենք, որ այս նորմերը էական փոփոխությունների պետք է ենթարկվեն ու հստակեցվի՝ այդ հատվածում պե՞տք է բարձրահարկ շենք կառուցել , թե՝ ոչ։ Արղության փողոցում բազմահարկ շենքերի շարք է կառուցվում, այդ փողոցը երկու ամբողջական երթեւեկելի գիծ չունի, ի՞նչ է տեղի ունենալու Վրացական կամ Կոմիտաս դուրս եկող փողոցներում»,-ասաց Խաժակյանը։

Քննարկման մեկ այլ մասնակից՝ Երեւանի ավագանու անդամի «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Տելեմակ Անանյանն էլ հակադարձելով փոխքաղաքապետին, ասաց՝ Երեւանի գլխավոր հատակագիծ չկա, դրա ժամկետն ուղղակի երկարացվել է, դա սպառված հատակագիծ է․ «Թյուր, կիսատ, թերի հատակագիծ է, մի զարհուրելի փաստաթուղթ է, որը ձեր ուժի սիրած բառով ասած՝ նախկիններն էին լղոզել։ Ձեր շինթույլտվությունների 99%-ը ապօրինի են, հակասում են քաղաքաշինության մասին օրենքին, խտությունների դեպքում՝ տասնապատիկ անգամ չարաշահումով եք տրամադրում, թե՝ ինչ մեթոդներով, քաղաքացիներին շատ լավ հատնի է՝ ստվերային, կոռուպցիոն միլիոնավոր գումարներ են շրջանառվում»։

Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցության՝ նախընտրական ծրագրով առաջարկած ճոպանուղային հանգույց կառուցելուն, ապա հակադարձելով Խաժակյանին եւ Մաչյանին, թե այն իրագործելի չէ, սխալ հաշվարկ է, Անանյանն ասաց․ «Երեւանն ունի 700 մետր տատանում, Ավանի ու Նորքի զանգվածների համար ճոպանուղին իդեալական է։ Մեր ծրագրով պատմաքաղաքաշինական կերպար ունեցող Կենտրոնը, որոշ հարավային թաղամասերը ճոպանուղին շրջանցում է։ Դավիթաշեն, Ավան, Մասիվ, Աջափնյակ, որոնք արդյունաբերական բնակելի մեքենայի արտադրանք են, ենթակա են ապամոնտաժման, բրեժնեւյան պանելային այդ թաղամասերը 70 տարով են կառուցված»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930