Aravot.am-ը Երեւանի ավագանու ընտրություններին 12-րդ համարի ներքո հանդես եկող «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ տպավորություններ են ստացել ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, արդյոք նրանց զուտ Երեւանի խնդիրնե՞րն են հետաքրքրում, թե Արցախ ճակատագրով էլ են մտահոգ: «Համատարած, որտեղ մենք ենք պտտվել, երեկ էլ Շենգավիթում ենք բավականին մեծ շրջայց կատարել, որտեղ խոսել եւ ներկայացրել ենք, թե ինչ օրակարգով ենք մասնակցում ընտրություններին, գոնե մի հոգի չի եղել, որ բացասական հայացքով նայի, թե ինչի մասին ենք խոսում այս իրավիճակում: Հետեւաբար, եթե տալիս ենք այս օրակարգը, այս օրակարգի շրջանակում էլ մարդկանց մոտ ձեւավորվելու են սպասելիքներ, պատկերացումներ:
Քաղաքական գործընթացն ամբողջությամբ առաջնահերթությունների ու սպասելիքների մասին է, մինչդեռ հիմա բոլորը մյուս օրակարգն են առաջարկում ու դրա շրջանակում են ստանում պատասխաններ: Նաեւ հասարակության մոտ սկսում են սպասարկել իշխանական օրակարգը, որ միայն քաղաքային խնդիրներն են հետաքրքրում»,-ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը:
Նա ընդգծեց. «Այն մարդիկ, որոնք այս ճգնաժամային իրավիճակում իրենց քարոզարշավի հիմքում կունենան քաղաքային խնդիրներ, ընդ որում այստեղ տոկոսային հարաբերակցությունը բոլորովին կապ չունի, իրենց կամքից անկախ՝ 100 տոկոսով սպասարկում են նեղ իշխանական օրակարգ: Սա ոչ թե զգացմունքային, այլ խիստ հիմնավորված՝ գիտական եւ պատմական գետնի վրա արված գնահատական: Եթե որեւէ մեկը կունենա այս հարցի շուրջ բանավիճելու ցանկություն, պատրաստ եմ բոլոր ասպեկտներով՝ սկսած գիտականից, պատմականից, հասարակագիտականից, հետները բանավիճել եւ ապացուցել, որ իրենք խիստ իշխանական են»:
Հետաքրքրվեցինք, թե ինչ տարիքի մարդիկ են գալիս իրենց հետ հանդիպելու, երիտասարդներ գալի՞ս են, թե անտարբեր են, եւ ինչպես ոմանք են ասում՝ սրճարաններում, ժամանցի վայրերում կյանքն են վայելում: Սուրեն Պետրոսյանը նշեց, որ կան երիտասարդներ, հիմնականում կենտրոնում ապրող, որոնք ոչ թե անտարբեր են որեւէ քաղաքական ուժի հանդեպ, այլ երբ քաղաքականություն բառն են լսում, այնպիսի վերաբերմունք են ցուցաբերում, ասես խիստ անբարո, քստմնելի արարքի կամ օրակարգի մասին է խոսքը. « Իրենք փորձում են շրջվել ու ցույց տալ, որ կիրթ եւ մակարդակով մարդիկ ենք, այս ի՞նչ եք մեզ առաջարկում: Այս քաղքենիությունը բավականին տարածված է, մարդիկ փորձելով իրենց խիստ բարոյական լինելն ընդգծել՝ ցույց են տալիս իրենց արհամարհանքը:
Կարդացեք նաև
Իսկ մյուսը սեգմենտի պարագայում 180 աստիճանով տարբեր պատկեր է: Դրանք այն երիտասարդներն են, որոնք իրականում փոփոխությունների կրողն են եւ միշտ էլ իրենք են լինելու փոփոխությունների կրողը, ոչ թե տարեցները: Տարեցներից կարող ենք ստանալ իմաստություն, խորքային ընկալումներ, բայց շարժիչ ուժը ավյունով լեցուն երիտասարդներն են, որոնք չեն կարող համակերպվել այս նվաստացմանը եւ ուղիներ են փնտրում այս ամենին վերջ դնելու համար…Կան երիտասարդներ, ուսանողներ, որոնք գրում են մեզ, գալիս հանդիպում են, ասում են՝ կորցնելու բան չունենք, պատրաստ ենք ամեն քայլի, միայն թե այս վիճակից դուրս գանք …Մի խոսքով՝ երկու հակառակ բեւեռներ կան: Ու մեր խնդիրն է՝ ոչ թե հրաժարվել մյուսից, այլ այդ երիտասարդության մնացած մասի հետ խոսել, ներկայացնել, որ իրականում քաղաքականության մասին իրենց պատկերացումները իրականությանը չեն համապատասխանում»:
Հարցրինք, թե ինչպես են աշխատում հանրության՝ հուսահատության մեջ հայտնված, մոլորված հատվածի հետ: «Իմ խորին համոզմամբ դա հասարակության մեծամասնությունն է, իրենք ոչ թե վերջնականապես հուսահատված են եւ որեւէ բան չեն ցանկանում անել, այլեւ վստահություն չունեն ուժերից որեւէ մեկի նկատմամբ: Եթե իրենք այդ վստահությունն ունենան, շատ կարճ ժամանակ հետո ոտքի կկանգնեն, դուրս կգան այդ օրակարգը սպասարկելու…Երբ մարդկանց միջից հանում ես այն մտայնությունը, որ իրենցից ոչինչ կախված չէ, երկիրն ապագա չունի, այս մեծ հրեշների մեջ ի՞նչ կարող ենք անել, իրենց աչքերում անմիջապես փայլ է հայտնվում: Նրանք իրականում խնդիր ունեն տեսնելու մարդու, ով իրենց կտա ապագայի նկատմամբ հույս, կօգնի հավատալ վաղվա օրվան, կօգնի ձեւավորել պայքարի ցանկություն»,-ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահը:
Սուրեն Պետրոսյանը ձեւակերպմամբ՝ սպասարկելով իշխանական օրակարգը ու ցույց տալով, որ իբր ապրում ենք մեր բնականոն կյանքով, որտեղ հիմնական խնդիրը հանրային միջոցառումների կազմակերպումն է, առավելագույնը՝ մեկը մետրո է խոստանում, մյուսը ճոպանուղի կամ պայմանական ասած՝ ատոմակայան, մարդկանց մոտ ձեւավորում են օրակարգ, որ այլեւս այլ ընտրություն չունեն, ենթագիտակցորեն նրանց վարժեցնում են, որ համաձայն ենք այս իշխանության հետ, ու այս իրավիճակում պետք է կենտրոնանալ միայն նեղ կենցաղային խնդիրների վրա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ կուսակցության պաշտոնական էջից