ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալների համաձայն` վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: Ըստ այդմ՝ 2020 թվականին գրանցվել է նվիրատվության 4017 գործարք Երեւանում, 8674 գործարք` մարզերում, 2021 թվականին՝ 5882 գործարք Երեւանում, 12.060՝ մարզերում, 2022 թվականին՝ 7334 գործարք Երեւանում, 15.765՝ մարզերում: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Առաջարկվում է նոտարների եւ ՀՀ կադաստրի կոմիտեի համար օրենքով նախատեսված դեպքերում նվիրատվությունների մասով ՀՀ կենտրոնական բանկին` լիազոր մարմնին, հաշվետվություններ ներկայացնելու պարտականություն սահմանել:
Ըստ Արա Մկրտչյանի` իրավակարգավորումների անհրաժեշտությունն այն է, որ նվիրատվության գործարք հաստատող, գրանցող լիազոր մարմինը կամ նոտարները սահմանված կարգով լիազոր մարմնին իրենց հաշվետվություններում պարտադիր ներկայացնեն նաեւ նվիրատվության բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկություններ` հետագայում դրանց մոնիտորինգի արդյունքում ռիսկերի գնահատման, ինչպես նաեւ առանձին դեպքերում փողերի լվացման դեպքերի կանխման կամ բացահայտման նպատակով:
Նշվել է, որ նախագծի ընդունմամբ մեխանիզմներ կստեղծվեն նվիրատվության գործարքների մասով ռիսկերը կառավարելու համար, արդյունքում` փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարն առավել արդյունավետ կդառնա:
Կարդացեք նաև
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը, մատնանշելով որոշակի ռիսկեր, առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ներկայացնել առավել ամբողջական վիճակագրություն` պարզելու համար նվիրատվությունների թվի ավելացման իրական պատճառները: Նա նաեւ հորդորել է Կենտրոնական բանկին` լիազոր մարմնին, հետեւել առեւտրային բանկերի վարքագծին, քանի որ, ըստ Գեւորգ Պապոյանի, որոշ բանկեր վարում են ոչ սպառողամետ քաղաքականություն` գործարքների համար պահանջելով միջնորդավճարներ: Արդյունքում շատերը գերադասում են գործարքները կատարել նվիրատվությունների միջոցով` խուսափելու համար բավականին բարձր միջնորդավճարներ մուծելուց, ինչը նպաստում է նվիրատվությունների թվի ավելացմանը:
Համաձայնելով հանձնաժողովի նախագահի տեսակետների հետ` Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ նախագծով փորձ է արվում նվազեցնել բոլոր հնարավոր ռիսկերը:
Հանձնաժողովականները քննարկման արդյունքում դրական եզրակացություն են տվել օրենքի նախագծին:
ԱԺ