Այսօր Ծիծեռնակաբերդից ոստիկանություն տարված Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության նախկին պետ, Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի խոսնակ Հովսեփ Կուբատյանի նկատմամբ կազմվել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին վարչական իրավախախտման արձանագրություն: Ինչից հետո նրան ազատ են արձակել ոստիկանությունից:
Պարոն Կուբատյանն ասաց, որ ոստիկանի օրինական պահանջ չկատարելու խնդիր չի եղել, ինքն իր համար այգում մի քարին նստած է եղել:
«Իբրեւ թե շինհրապարակը սահմանազատած էր, ասում էին՝ սահմանազատումից դուրս եկեք, բայց այնտեղ ո՛չ սահմանազատում կար, ո՛չ օրինական շինարարություն: Ավագանու որոշմամբ՝ պետք է շինհրապարակը պատշաճ սահմանազատած լինի ու կահավորված, պետք է նաեւ լինի ցուցանակ՝ ինչ շինարարություն է իրականացվում, ով է պատվիրատուն, ով է կապալառուն: Ոչ մի բան չկար, ինչ-որ ոստիկաններ էին, որոնք ավելի շատ պետք է ապօրինի շինարարությունը կանխեին, քան թե մարդկանցով զբաղվեին: Ես, օրինակ, այգում պարզապես մի քարին նստած էի, ասում էին՝ գնացեք այստեղից, ասում էի՝ ուր գնամ, այգում նստած եմ»,- Aravot.am-ին ասաց Կուբատյանը:
Հիշեցնենք, որ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի սալիկները երեկվանից են սկսել քանդել:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը իրականացվող շինարարությունը բարբարոսություն որակեց. «Էլ չեմ ասում, որ այդ տարածքը համայնքապատկան տարածք չէ, այդտեղ համայնքը չի կարող ոչ մի շինարարություն անել: Ես որ քաղաքապետարանում աշխատում էի, Ծիծեռնակաբերդի տարածքը չէինք կարողանում նույնիսկ բարեկարգել, որովհետեւ համայնքապատկան տարածք չէր, նույնիսկ կանաչապատում իրավունք չունեինք անել: Իսկ հիմա համայնքը, չգիտես ոնց, այնտեղ ճանապարհ է քանդում, ճանապարհ է կառուցում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ