Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ ուժեր կարծում են, որ մեզ քաոս է պետք, եւ մարդիկ, ովքեր այդ քաոսի ջրաղացին ջուր են լցնում, իմ քաղաքական հակառակորդներն են»․ Տիգրան Ավինյան

Սեպտեմբեր 04,2023 15:45

«Որոշ անձինք, որոշ կուսակցություններ մեզ մեղադրում էին քաղաքային ընտրություններ անցկացնելու մեջ, եւ իմ երեկվա ասելիքն այն մասին էր, որ եթե ուզում են քաղաքական ելույթներ, դա էլ կարող ենք տալ իրենց անպայման։ Բայց ես չեմ կարծում, որ երեւանցիներին քաղաքական ելույթներն այս պահին այդքան հետաքրքիր են»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ, այնուամենայնիվ սրանք քաղաքական ընտրություններ են, քաղաքական բովանդակություն ունեն։ «Երբ մենք ասում ենք, որ Երեւան քաղաքում սարքում ենք 24 մանկապարտեզ, երբ ասում ենք, որ սարքում ենք տասնյակ ֆուտբոլի դաշտեր, մարզադպրոցներ, 200-ից ավելի բակեր, դա քաղաքական բովանդակություն ունեցող ասելիք է։ Եվ դա նշանակում է, որ մենք հենց ամենասկզբից սկսած կառուցում ենք մեր քաղաքը, մեր երկիրը, այդ լավ մանկապարտեզներում, լավ բակերում մեր երեխաներն իրենց կարողություններն ավելի լավ են կարողանալու զարգացնել։ Հետագայում իրենց շնորհիվ ունենալու ենք ավելի լավ քաղաք, ավելի ամուր ու հզոր երկիր։ Սա է ընդհանուր քաղաքական տրամաբանությունը։ Բոլոր այն ուժերը, որոնք շեղում են այս իրական քաղաքական տրամաբանությունից, խոսում են ամեն ինչից, բացի իրենց ծրագրից ու անելիքից, ինձ մոտ մի տպավորություն է ստեղծվում, որ նրանք Երեւան քաղաքի զարգացման, երեւանցիների վերաբերյալ ասելիք չունեն, ծրագիր չունեն»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ տարբեր ուժեր ծրագրեր են ներկայացրել, օրինակ, ճոպանուղու կառուցման, աղբահանության եւ այլ ծրագրեր, Ավինյանը պատասխանեց․ «Երբ ներկայացվում են հեքիաթային ու ֆանտաստիկայի ժանրի ծրագրեր, դա էլ է ժպիտ առաջացնում, որովհետեւ այդ ամենի տակ պետք է ֆինանսական գնահատական լինի, իրատեսական գոնե մի փոքրիկ նշույլ։ Երբ չկա, ես կարող եմ ասել, որ դա ծրագիր չէ»։

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիրը» նույնպես իր նախընտրական ծրագրում ճոպանուղու կառուցման դրույթ ունի։ «Հանրային տրանսպորտ» բաժնում «Ի՞նչ ենք անելու» խորագրում նշվում է․ «Հիմնելու ենք ճոպանուղային ցանց՝ Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածից մինչև Նոր Նորքի 2-րդ զանգված և Աջափնյակ-Ծիծեռնակաբերդ-Պռոշյան ուղեգծերով»։

Անդրադառնալով հարցին, որ կան քննադատություններ, թե տրանսպորտի բարեփոխումների ծրագիրն իրենցը չէ, բայց «փիարվում» են, Ավինյանը պատասխանեց․ «Փիարվողներն են իրականում փիարվել եւ փիարվում։ 2017 թվականին, երբ մենք բակերով շրջում էինք եւ ասում, որ հուսահատության գազելներից ձեզ ազատելու ենք, դա 2017 թվականի «Ելք» դաշինքի ծրագիրն էր, որը հետո դարձավ 2018 թվականի «Իմ քայլը» դաշինքի ծրագիրը, իրականացրել է «Իմ քայլը» դաշինքը՝ կառավարության աջակցությամբ։ Եվ դա, այո, արել է մեր թիմը։ Իսկ էս վերջին 1,5-2 տարվա մասով որեւէ մեկն առհասարակ, եթե կոնկրետ թեկնածուի մասին է խոսքը․․․ Ես կսպասեմ դեբատին, այդ ժամանակ կխոսենք»։

Ավինյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե արդյոք նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին է համարում իր հիմնական մրցակից, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Ոչ, ես որեւէ մեկին մրցակից չեմ համարում։ Ես վստահ եմ, որ սեպտեմբերի 17-ին երեւանցիներն ընտրելու են Երեւանի եւ երեւանցիների ապագայի համար եւ այն իրականության համար, որը հենց հիմա շարունակվում է։ Այսինքն՝ երբ մարդը տեսնում է, որ իր բակը բարեկարգվում է, մանկապարտեզը բարեկարգվում է, դպրոցը բարեկարգվում է․․․ Իսկ որոշ ուժեր կարծում են, որ մեզ պետք չէ, որ բարեկարգվի, որովհետեւ մեզ քաոս է պետք։ Այն մարդիկ, ովքեր այդ քաոսի ջրաղացին ջուր են լցնում, այո, իրենք կարող են համարվել իմ քաղաքական հակառակորդները։ Դուել չկա, ես որեւէ անձի հետ չեմ բանավիճում։ Եթե մարդը քաղաքականապես այնքան հասուն չէ, որ քաղաքական ենթատեքստերը կարողանա գրագետ կարդալ, երբ որ բոլորը վատն են, ու դու միակն ես ու լավը, այդտեղ շատ խորը խնդիր կա քո մեջ, քո անձի մեջ»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930