ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 6-8-ը Երևանում առաջին անգամ կանցկացվի Համաշխարհային զբոսաշրջային ներդրումային ֆորում։ Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:
Նրա խոսքով, ֆորումին մասնակցելու համար Երևան կժամանեն զբոսաշրջության ոլորտի նշանավոր մասնագետներ Եվրոպայից, Ամերիկայից, Արաբական Էմիրություններից: «Ֆորումի ընթացքում անշուշտ, անդրադարձ կլինի զբոսաշրջության համաշխարհային միտումներին, սակայն հիմնական քննարկումները կծավալվեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտում ներդրումային պոտենցիալի ուղղությամբ»,-ասաց նա:
Զբոսաշրջության կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սոնա Հովհաննիսյանի տեղեկացմամբ, նախկինում նմանատիպ ֆորումներ կազմակերպվել են մեկ-երկու երկրում և քովիդից հետո, առաջին անգամ կազմակերպվում է մեր երկրում: Ֆորումը փակ ձևաչափով է անցկացվելու, մասնակցելու են Սենեգալի, Բահրեյնի, Ալժիրի, Մոլդովայի, Իրանի պատվիրակներ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ավելի քան 15 ներկայացուցչություններից: Ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն մոտ 150 պատվիրակ:
Հովհաննիսյանի խոսքով, կարևոր է հասկանալ, թե քովիդից հետո զբոսաշրջության ոլորտում ինչպես է փոխվել ներդրումային մթնոլորտը և այսօր ներդրողները որ ուղղությամբ են ցանկանում ներդրումներ կատարել ու զարգացնել:
Կարդացեք նաև
«Հայաստանում նմանատիպ միջոցառումների կազմակերպման նպատակն է հնարավորինս լավ ներկայացնել Հայաստանն՝ իր բոլոր կողմերով և քանի որ հենց զբոսաշրջության ներդրումային դաշտի մասնագետներ են, ներդրումներից բացի փորձելու ենք ներկայացնել Հայաստանի զբոսաշրջությունը: Այդ նպատակով հատուկ տուրեր են կազմակերպվելու ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի 3 տարբեր ուղղություններով: Այդ տուրերի ընթացքում հյուրերին ներկայացնելու ենք հայկական մշակույթը, գաստրոզբոսաշրջությունը և գինու զբոսաշրջությունը: Մասնակիցների մոտ արդեն մեծ հետաքրքրություն է կա այս տուրերի նկատմամբ»,-ասաց Սոնա Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ զբոսաշրջության ոլորտում ՄԱԿ-ն այս տարի որդեգրել է ներդրումների 3 ուղղություն՝ ներդրումներ բնակչության համար, ներդրումներ՝ երկրագնդի համար և ներդրումներ բարօրության համար: Հովհաննիսյանի հավաստմամբ, Հայաստանում ևս այս միտումները նկատվում են ու բավականին ներդրումներ կատարվում են հենց էկոզբոսաշրջության ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ