Ականատեսի օրագիր N1
Այս խորագրով այսուհետ պարբերաբար կկիսվենք դիտորդական բացահայտումներով և ընտրությունների մասին հետաքրքրական փաստերով։
📍Ընտրական օրենսգրքի 130-րդ հոդվածի համաձայն՝ «Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակում կարող են ընդգրկվել նաև այդ կուսակցության (կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցություններից ոչ մեկի) անդամ չհանդիսացող անձինք, որոնց թիվը չի կարող գերազանցել այդ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուների ընդհանուր թվի 30 տոկոսը»։
📍Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Հանրային ձայն» կուսակցության ընտրական ցուցակում տվյալ կուսակցության անդամ չհանդիսացող անձինք կազմում են 23.91%, սակայն ցուցակում ներկայացված են «Ալյանս» կուսակցության 3 ներկայացուցիչներ, որոնք զբաղեցնում են ցուցակի 2-րդ, 9-րդ, 11-րդ տեղերը։ Ավելին, «Ալյանս» կուսակցության ղեկավարը հանդիսանում է ցուցակի 2-րդ համարը և պարբերաբար հանդես է գալիս Երևանի ավագանու ընտրություններին երկու կուսակցությունների համատեղ հանդես գալու վերաբերյալ հայտարարություններով (տես մեկնաբանությունների դաշտը)։
Կարդացեք նաև
📍Նման պարագայում կարելի է պնդել, որ այս ուժը ընտրություններին ներկայացել է փաստացի կուսակցությունների դաշինքի տրամաբանությամբ, չնայած որ այս կուսակցությունների ղեկավար մարմինները չունեն ֆորմալ որոշում դաշինք կազմելու վերաբերյալ։ Ստացվում է, որ «Հանրային ձայն» կուսակցությունը և «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչները հնարավորություն են ստանում մրցակցել ավելի նպաստավոր պայմաններում՝ անցողիկ 6% շեմը հաղթահարելու փոխարեն 4%-ը հաղթահարելու խնդիր ունենալով, դրան զուգահեռ վարելով երկու կուսակցությունների աջակցությանն ուղղված քարոզարշավ։
«Ականատես» դիտորդական առաքելություն