Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդում են Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհը

Սեպտեմբեր 04,2023 15:14

Մարզահամերգային համալիրի մոտ՝ Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին մի խումբ քաղաքացիներ այսօր առավոտից բողոքի ցույց են սկսել: Դեռ երեկվանից քաղաքացիները նկատել են, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը քանդվում է:

«Երեկ՝ օրվա երկրորդ կեսից, մենք գտնվում ենք այստեղ՝ Ծիծեռնակաբերդի հայտնի ճանապարհին, որտեղով մարդիկ ամեն տարի ապրիլի 24-ին բարձրանում են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թվականի անմեղ զոհերի հիշատակին: Արձանագրվեց, որ տեղում շինաշխատանքներ են իրականացվում, որի հիմքերն առնվազն չեն ներկայացվում քաղաքապետարանի կողմից: Քաղաքապետարանը չի փակցրել նախագիծը, ինչի մասին ասացինք այսօր եկած քաղաքապետարանի աշխատակիցներին ու նրանք համաձայնեցին, որ այդպես է: Մենք ահազանգել ենք ոստիկանություն, որ հասկանանք՝ էս ինչ աշխատանքներ են իրականացվում: Ինչի արդյունքում ոստիկանական ուժեր են կուտակվել, ըստ մեր հասկացածի, ոստիկանությունը հարկադրաբար պատրաստվում է հեռացնել տարածքից։ Երեք հոգի արդեն բերման են ենթարկվել, մարդիկ, որոնք չեն խոչընդոտել աշխատանքներին:

Հստակ արձանագրենք, որ իրականացվող աշխատանքները իրականացվում են անհայտ կազմակերպության կողմից, ուզում ենք արձանագրել նաեւ, որ նախագիծ չկա: Համալիրի տնօրենն ասում է, որ այստեղ մեքենաների կայանատեղի կկառուցվի, քաղաքապետարանի աշխատակիցներն ասում են, որ ճանապարհը բացվում է հրշեջ մեքենաների համար, ինչն անհասկանալի է, որովհետեւ տասնամյակներ շարունակ հրշեջ մեքենաներն այստեղով անցել են ու որեւէ խնդիր չի եղել: Կան նաեւ առանձին ճանապարհներ, որ դրա համար են նախատեսված:

Ոնց հասկացանք այս ամենը երկու նպատակով է իրականացվում. 1-ին՝ այստեղ գտնվող ռեստորանի համար կայանատեղի սարքելու համար քանդվում է սալիկապատ ճանապարհն ու ասֆալտապատվում, սարքվում երթեւեկելի գոտի։ Երկրորդ՝ մենք կարծում ենք, որ խնդիրը հենց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մեջ է, որի շրջակա տարածքը փորձում են հանրամատչելի դարձնել, ճանապարհներով ապահովել, որ համալիրը այլեւս չունենա իր նշանակությունը: Մարդիկ ճանապարհով չբարձրանաք»,- ասաց «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամ Հայկ Ստեփանյանը:

Նա նկատեց, որ Կարեն Դեմիրճյանի օրոք կառուցած այս ճանապարհահատվածի սալիկները որպես շինաղբ կամ ինչ-որ մեկի ամառանոցի համար են տանելու, օգտագործեն. «Տեսեք ծառեր են ջարդվում, այսինքն՝ այս բարբարոսությունը, որ իրականացվում է, անթույլատրելի է: Մի հարց տվեցի քաղաքապետարանի աշխատակիցներին՝ ասացի արդյոք դուք Կարեն Դեմիրճյանից ավելի լավ եք հասկանում՝ այս տարածքը ոնց պետք է կահավորված լինի, պատասխանում են ՝ այո, նորանոր մոտեցումներ են: Ուրեմն դուք այսքան խելացի՞ եք դառել։ Դե հանեիք Կարեն Դեմիրճյանի արձանը, դնեիք Տիգրան Ավինյանի արձանը, այս համալիրն էլ կոչեիք Տիգրան Ավինյանի անվան համալիր, էս ինչ բարբարոսություն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ․ Գ․ Ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կարծում եմ, Ծիծեռնակաբերդում կատարվողը Եղեռնի հուշահամալիրը կամաց-կամաց զուտ թանգարան թողնելու հարց է, այդ ուղիները շատ կարեւոր են, ծածկույթն էլ ճարտարապետության մաս։ Ժամանակին հայրս պատմում էր, որ շատ էր քննարկվում Համալիրի տեղը Հուշահամալիրի ընկալման ազդեցության տեսակետից, բայց դե հենց այդ ճեմուղով քիչ թե շատ հարցը լուծվեց։ Հետո ռեստորաններ հայտնվեցին (համալիրի մեջինների մասին չէ խոսքը), բայց դա քաոսի ու ամենաթողության արդյունք էր։ Սալահատակը ասֆալտի փոխելը, էն էլ սենց ափալ-թափալ, ըստ իս դեսակռալիզացիայի հերթական քայլն է, դե մեջն էլ համ էլ լավ փող կա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930