Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը վավերացնում է «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» արձանագրությունը․ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց

Սեպտեմբեր 04,2023 14:40

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացության արժանացավ կառավարության հեղինակած «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

Կարեն Կարապետյան

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հանձնաժողովի նիստում ասաց, որ այսօրվա դրությամբ արձանագրությունը ստորագրված է Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր 46 պետությունների կողմից, սակայն ուժի մեջ է մտել դրանցից 44-ի համար։ Հայաստանն այն երկրներից մեկն է, որը մինչ այժմ չի վավերացրել արձանագրությունը։ Մյուս երկիրը, որն այս արձանագրությունը չի վավերացրել, Ադրբեջանն է։ «Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատժի ամբողջական վերացման կողմնակից պետության դիրքորոշմանը, սակայն շարունակում է մնալ Հայաստանի կողմից դեռեւս չկատարված կարեւորագույն միջազգային հանձնառություններից մեկը։ Արձանագրության վավերացման հարցը պարբերաբար դրվում է ԵԽԽՎ օրակարգում, իսկ գլխավոր քարտուղարները եւ ԵԽ այլ պաշտոնատար անձինք քանիցս անդրադարձ են կատարել արձանագրության վավերացմանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ընթացքում եւ խնդրել ուշադրություն դարձնել այս հարցին։ Մահապատժի արգելքն առանց սահմանափակումների արդեն իսկ ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։ 2003 թվականին Հայաստանը վավերացրել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիայի 6-րդ արձանագրությունը, համաձայն որի՝ մահապատժի վերացումն արդեն իսկ սահմանափակված է, սակայն այն չի բացառում մահապատիժը պատերազմի ժամանակ կամ պատերազմի անմիջական վտանգի պայմաններում կատարված արարքների համար։ Եվ այս ենթատեքստում 13-րդ արձանագրությունը դիտվում է որպես վերջնական քայլ՝ ուղղված բոլոր դեպքերում մահապատժի վերացմանը»,- ասաց փոխնախարարը։

Արծվիկ Մինասյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց․ «Կարեւոր բան ասացիք, որ երկու երկրներ, որոնք չեն վավերացրել, Հայաստանն ու Ադրբեջանն են։ Ես կուզենայի, որպեսզի հստակեցնենք՝ ինչո՞վ էր պայմանավորված, որ Հայաստանն առ այսօր չէր վավերացնում, կարո՞ղ է այնուամենայնիվ Ադրբեջանի գործողություններով էր նաեւ պայմանավորված։ Երկրորդ, Ադրբեջանի այսօրվա պատերազմական հանցագործություններին կուզեի անդրադառնալ, որոնք կատարվում են Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։ Առհասարակ իր միջազգային պարտավորությունները խախտելով՝ Ադրբեջանն ուղղակի մահապատիժների է ենթարկում, եւ դրա ապացույցները կան։ Արդյոք դա հնարավորություն չի տալի՞ս մեզ, որպեսզի այս համաձայնագրի վավերացման շրջանակներում որոշակի վերապահում լինի այն երկրի նկատմամբ, որը այդ հանցագործություններն իրականացրել է մեր նկատմամբ։ Սա նաեւ ուղերձ է միջազգային հանրությանը, որ որքան էլ մենք լինենք միջազգային հանրության, եվրոպական արժեքների կրող պետություն ու հասարակություն, այնուամենայնիվ մենք ունենք թշնամի, որն այդ արժեքներով չի շարժվում։ Ինչ-որ ձեւով մի ուղերձ պե՞տք է ուղղել միջազգային հանրությանը, գոնե մի հայտարարություն արվի»։

Կարեն Կարապետյանն ի պատասխան ասաց, որ արձանագրության գործողությունը տարածվում է տվյալ պետության տարածքի շրջանակներում։ «Քաղաքացիների նկատմամբ այն կամ գործում է, կամ չի գործում, եւ ես չեմ կարծում, թե նման վերապահումներ հնարավոր կլինի ամրագրել։ Այս արգելքն արդեն 15 տարի է՝ մեզ մոտ սահմանադրական նորմ է՝ անկախ նրանից ինչ երկրի քաղաքացու նկատմամբ է այն արգելված կամ կիրառված»,- ասաց նա։

Արծվիկ Մինասյանը հավելեց․ «Ասածս ուղերձ է միջազգային հանրությանը, որ մենք փաստացի ունենք մի վիճակ, երբ Ադրբեջանը, որն իրականացնում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն՝ թե Հայաստանի, թե Արցախի քաղաքացիների նկատմամբ, որեւէ ձեւով սա ուշադրության առարկա պետք է դառնա միջազգային հանրության կողմից։ Եթե Ադրբեջանի հրոսակախմբերը մահապատժի են դատապարտում կամ մահապատիժ են իրականացնում քաղաքացու նկատմամբ, Հայաստանի օկուպացված տարածքներում կլինի, թե Արցախի, ի՞նչ կապ ունի։ Արդյոք սա հնարավորություն չէ, որպեսզի մենք եւս մեկ անգամ այս հարցը բարձրաձայնենք, հնարավորություն տանք նաեւ միջազգային հանրությանը, որ դատապարտի Ադրբեջանի այս վարքագիծը։ Ի վերջո, սա նաեւ հնարավորություն է հետագայում նույն միջազգային դատական ատյաններում պատասխանատվության կանչել Ադրբեջանին»։

Արդարադատության փոխնախարարն ի պատասխան նշեց, որ Արծվիկ Մինասյանը կարեւոր առաջարկ է անում, ԱԺ-ում քննարկումների փուլում այդ հայտարարությունները կարվեն։ «Բացի այդ, մենք կդիտարկենք հնարավորությունները՝ մեմորանդումի տեքստով դա ամրագրելու եւ Եվրոպայի խորհուրդ այն հանձնելու հնարավորությունները»,- նշեց Կարեն Կարապետյանը։

Վլադիմիր Վարդանյան

Հարակից զեկուցող, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ պատերազմի ընթացքում մահապատժի հետ կապված ընկալումները մեզ մոր խեղաթյուրված են եղել մեդիայում տարածված այն ընկալմամբ, որ ռազմական գործողությունների ժամանակ մահապատիժը կարող է իրագործվել տեղում, անմիջապես։ «Այսպիսի արտահայտություն կա՝ պատերազմի ժամանակ գործող օրենքների համաձայն՝ մահապատիժն ի կատար է ածվում մարտի դաշտում։ Բայց իրականում 1949 Ժնեւի բոլոր 4 կոնվենցիաները նախ հստակ պրակտիկա են նախատեսել մահապատժի նշանակման ու իրագործման համար։ Ընթացակարգը հետեւյալն է ամբողջ աշխարհում՝ նախ պետք է լինի օրենքի հիման վրա ստեղծված դատարան, դատարանը պետք է կայացնի դատավճիռ, եւ մահապատիժը կարող է ի կատար ածվել հովանավորող պետությանը կամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին տեղեկացնելուց վեց ամիս հետ։ Այսինքն՝ բավական բարձր ընթացակարգ է նախատեսված։ Անկախ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում մահապատժի ի կատար ածման տեխնիկական հնարավորություններ չեն եղել, եւ մահապատիժը ՀՀ-ում երբեք ի կատար չի ածվել։ 2005 փոփոխության արդյունքում Սահմանադրությունը բացարձակ արգելք նախատեսեց մահապատժի իրականացման համար։ Որեւիցե դեպքում՝ ռազմական դրություն կլինի, արտակարգ իրավիճակ կլինի, մահապատիժը չի կարող որպես պատժի տեսակ իրականացվել»,- ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի հարցին՝ Վլադիմիր Վարդանյան ասաց․ «Այն հարցը, որը դուք բարձրացնում եք՝ այսպես կոչված արտադատական մահապատժի վերաբերյալ, մենք, ցավոք, բախվել ենք նման դեպքերի եւ 44-օրյա պատերազմում, եւ դրանից հետո Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ կատարված ագրեսիայի շրջանակներում, երբ անձինք գնդակահարվել են առանց համապատասխան դատավարական ընթացակարգերի։ Սա դիտարկվել ու դիտարկվելու է որպես միջազգային հանցագործություն, այս ընթացակարգը որպես այդպիսին արգելված է, եւ մեր հարեւանները պետք է հստակ հասկանան, որ այս գործողությունները դիտարկվում են ոչ այլ ինչ, քան ռազմական հանցագործություններ, որոնց համար գոյություն չունի վաղեմություն եւ որոնց նկատմամբ տարածվում է համընդհանուր իրավազորությունը, այսինքն՝ որտեղ էլ այդ անձինք հայտնաբերվեն, պատասխանատվության են կանչվելու»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930