Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հացադուլի մեջ գտնվող կալանավոր է մահացել. 2 արտակարգ դեպք երկու օրում

Սեպտեմբեր 04,2023 13:50

Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 4-ին հերթական մահվան դեպքն է գրանցվել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ մահացել է հացադուլի մեջ գտնվող կալանավորված անձ Գեղամ Գ․-ն։

Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը մեր հեռախոսազրույցում հաստատեց տեղեկությունը։ «2023թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 08.20-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, 46-ամյա Գ.Ս-ի առողջական վիճակի կտրուկ վատացման պատճառով ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման հերթապահ բուժակի տված տեղեկանքի հիման վրա կանչվել է շտապօգնություն: Ժամը 08.30-ին շտապօգնության բրիգադը ժամանել է հիմնարկ: Ժամը 08.35-ին շտապօգնության բրիգադն արձանագրել է Գ.Ս-ի կենսաբանական մահը: Կալանավոր Գ.Ս-ն 08.08.2023թ-ից ստացիոնար բուժման մեջ է գտնվել ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Արմավիր» ստորաբաժանման բուժմասում, որտեղից դուրս է գրվել 31.08.2023թ-ին: Բուժմասից դուրս գրվելու կապակցությամբ կալանավորված Գ.Ս-ն հայտարարել էր հացադուլ, ինչի պատճառով տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային բաժանմունք»,-տեղեկացրեց տիկին Նավիկյանը:

Նշենք, որ երկու օր առաջ՝ սեպտեմբերի 2-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` կալանավորված անձ 31-ամյա Գեւորգ .Գ-ն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից:

Ըստ արդարադատության նախարարության հաղորդագրության, Գեւորգը իր դիմումի համաձայն մեկուսի է պահվել կարանտինային խցում:

Հաղորդագրության մեջ նշված է, որ կալանավորված անձն առողջական խնդիրների պատճառով ստացիոնար բուժման մեջ է գտնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղից իր դիմումի համաձայն` դուրս է գրվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ին եւ տեղափոխվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Նախնական տվյալներով՝ կալանավորված անձը 2023թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12-ի սահմաններում ցանկություն է հայտնել օգտվել իրեն հասանելի հեռախոսազանգից: Ժամը 12.12-ին վերջինս դուրս է բերվել խցից, կատարել է հեռախոսազանգ, ժամը 12.15-ին վերադարձել է խուց, որից հետո նրան հայտնաբերել են կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930