Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մեկնարկել են առաջիկայում նախատեսվող պատարագի հետ կապված նախապատրաստական աշխատանքները։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է թուրքական «Դուվար» պարբերականի թղթակից Քադիր Ջեսուրը։
Թուրքական աղբյուրը նախ հիշեցնում է, որ Վանի Գեւաշ (հայկական պատմ․ Ոստան) գավառում կառուցված Սուրբ Խաչը մեծ նշանակություն ունի հայերի համար։
Թուրքական իշխանությունները թույլ են տալիս այստեղ պատարագ մատուցել տարեկան միայն մեկ անգամ։ Սակայն 2015 թ․ սկսած 3 տարի անընդմեջ եկեղեցում կրոնական արարողություն չի արվել՝ «անվտանգության» պատրվակի տակ։
Այս տարի նախատեսվող պատարագին ակնկալվում է թե արտերկրից, և թե երկրի քաղաքացիների կողմից մեծ մասնակցություն։
Կարդացեք նաև
Ինչպես նշում է հրապարակման հեղինակ Քադիր Ջեսուրը, հայերը ոչ բավարար են համարում տարեկան մեկ անգամ կատարվող պատարագը և կարծում են, որ այն պետք է ավելի հաճախ արվի։
Թուրքական պարբերականի թղթակիցը զրուցել է նաև Վանի մի ասորական եկեղեցու քահանա Վահիթ Յըլդըզի հետ, ով նշել է, թե ավելի օգտակար կլիներ, եթե եկեղեցու ղեկավարումը հանձնվեր հայերին։ Ասորի հոգևորականը ևս ընդգծել է, որ տարեկան մեկանգամյա պատարագը չի կարելի բավարար համարել և հավելել․
«Ասորական վանքերը մշտապես բաց են։ Սակայն Աղթամարի եկեղեցին ներկա պահին գործում է թանգարանի կարգավիճակում։ Մուտքավճարն էլ շատ բարձր է։
Եթե Աղթամարում պատարագ մատուցվի ոչ թե տարեկան մեկ անգամ, այլ այս եկեղեցին ազատ լինի արարողություններ կազմակերպելու հարցում, ապա շատ ավելի օգտակար կլինի»։
Թարգմանեց Մելինե ԱՆՈՒՄՅԱՆԸ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: