«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը (ՀԱՍԱԿ) որոշել է այս անգամ քարոզարշավն անցկացնել ձիով: Aravot.am-ը կուսակցության նախագահ եւ ցուցակի առաջին համար Արման Ղուկասյանից հետաքրքրվեց՝ ինչու հենց այդ «ձեւաչափով»: «Քանի որ ընտրությունները վերածվել են երգի ու պարի փառատոնի, մենք որոշեցինք այդպես առանձնանալ եւ հետ չմնալ: Իսկ իրականում դա սարկազմով քայլ է, որ այս ընտրությունները վերածվել են ինչ-որ ժամանցային գործողությունների: Ուրիշները իրենց փորձեցին երգի մրցույթում, մենք էլ կփորձենք ձիավարության մեջ:
Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ մաս կազմել մի բանի, որին, ինչպես նշում եք, ինքներդ դեմ եք, Արման Ղուկասյանն այսպես պատասխանեց. «Մենք այդպես ավելի շատ ուզում ենք արտահայտել մեր վրդովմունքն այն մասին, որ քաղաքական, բովանդակային առումով չկա որեւէ մրցակցություն: Հիմա ընտրական գործընթաց է, բայց ավելի շատ տեղի են ունենում բաներ, որոնք ընդհանրապես քաղաքական բովանդակություն չունեն: Հետեւաբար, ինչպես նշեցի, սա սարկազմով գործողություն է, միաժամանակ էլ մեր ընտրողներին կիրազեկենք, որ 8-րդ համարի ներքո ենք հանդես գալիս։ Մի խոսքով, ինչպես ասում են՝ օգտակարն ու հաճելին կհամատեղենք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արման Ղուկասյանի ֆեյսբուքյան էջից