«Առավոտի» զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը։
– Տիկին Չոբոյան, օգոստոսի 30-ին Ֆրանսիան փորձեց հումանիտար բեռներ տեղափոխել Արցախ, բայց արդյունք չեղավ։ Ի սկզբանե պարզ էր, որ Բաքուն չէր թողնելու բեռների մուտքը Արցախ, հետեւաբար, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ֆրանսիայի այս նախաձեռնությունը, ի՞նչ ուղերձ էր սա։
– Նախ ճիշտ չէ ասել, որ Ֆրանսիան է այս նախաձեռնության հեղինակը։ Դա Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմիններն են նախաձեռնել, այսինքն՝ քաղաքապետարանները եւ շրջանները։ Հաճախ եմ լսում, որ ասուն են՝ Ֆրանսիան է այս նախաձեռնությամբ հանդես եկել, բայց իրականում անհատների եւ պետության միջեւ օղակ հանդիսացող ՏԻՄ-երն են այս նախաձեռնության հեղինակը։ Եթե նպատակը ճիշտ ենք հասկանում, դա Արցախի շրջափակման, մարդասիրական ու մարդկանց իրավունքների խնդիրը լուսաբանելն ու միջազգային մամուլի տեսադաշտում պահելն է։ Չեմ կարծում, որ այս նախաձեռնությունը կազմակերպող մարմինները հույս ունեին, որ ճանապարհը պետք է բացվեր իրենց համար։ Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեին, որ ճամփան փակ է եւ փակ պետք է մնա, բայց սա Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու ձեւ էր, որն առայժմ ուղիղ արդյունք չտվեց։ Բայց պետք է նկատել, որ այդ ճնշումն իսկապես գործադրվեց Ադրբեջանի վրա, որովհետեւ Ալիեւը խոստովանեց, որ իր վրա շատ մեծ ճնշում կա։ Եվ սա ճնշման մեկ բաժինն էր։
– Հետագայում ի՞նչ զարգացումներ կարող են լինել, Ֆրանսիան կկոշտացնի՞ դիրքորոշումը։
Կարդացեք նաև
– Ֆրանսիայի պետությունը, կառավարությունը, նախագահը ուզում են այս հարցը դիվանագիտական միջոցներով լուծման հանգեցնել։ Այս նախաձեռնությունը ժողովրդավարական Ֆրանսիայի նախաձեռնությունն էր, այսինքն՝ այս բոլոր մարդիկ, որոնք ուղեկցեցին բեռնատարները, նրանք ժողովրդի կողմից ընտրված մարդիկ են, կառավարությունը չէ։ Հետեւաբար, այս օղակից եւ խորհրդարանական օղակից պետության վարչակազմին հասնելու համար քայլ կա, որը տակավին չի արվել։ Նույնիսկ եթե վստահ ենք, որ Ֆրանսիան միակ երկիրն է, որը բացահայտ արտահայտվում է եւ ճիշտ դիրքորոշումներ է հայտնում Արցախի ժողովրդի դեմ տեղի ունեցող գործընթացների մասին, այդուհանդերձ, Ֆրանսիան փորձում է որոշ չափով հավասարակշռված քայլեր անել։ Միաժամանակ ճիշտ որակումներ տալով՝ ուզում է հավասարակշռված քայլեր անել, որպեսզի դիվանագիտական միջոցներով կարողանա լուծումներ գտնել։ Բայց գործունեության ընթացքում այլեւս չի խոսվում Արցախի ինքնորոշման մասին, եւ սա կարծես թե Հայաստանի իշխանությունների՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին վերջին ամիսների հայտարարությունների ուղիղ հետեւանքն է։ Ֆրանսիայի իշխանություններն այլեւս չեն խոսում Արցախի հավաքական իրավունքների մասին, խոսում են ժողովրդի, մարդկային իրավունքների մասին, բայց քաղաքական իրավունքների մասին՝ ոչ։ Սա Հայաստանի իշխանությունների քաղաքականությունն է, եւ մենք սա շատ հստակ տեսանք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, երբ Հայաստանի ներկայացուցիչներն Արցախի հարցը որպես քաղաքական հարց չբարձրաձայնեցին։ Նույնիսկ մարդասիրական ճգնաժամից դուրս գալու քաղաքական լուծման մասին չխոսվեց, միայն ճանապարհը բացելու մասին խոսվեց։
– Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարեց, որ բանակցություններ կվարի Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական նոր նախաձեռնությամբ հանդես կգա։ Ի՞նչ նախաձեռնությամբ է հանդես գալիս Ֆրանսիայի իշխանությունը, ի՞նչ կփոխի դա ստեղծված իրավիճակում։
– Ես չեմ կարող հստակ ասել, պարզապես նկատում եմ, որ Ալիեւը երբեք պատրաստ չէ դիվանագիտական լուծումների։ Ալիեւն ուզում է ամբողջությամբ տիրանալ Հայաստանի շրջաններին ու Արցախին։ Եվ այս դիվանագիտական գործունեությունն Ալիեւի հետ իսկապես չի գործում։ Մակրոնն անպայման ուզում է դերակատարություն ունենալ այդ խնդրի լուծման գործում, որովհետեւ Ֆրանսիայի հայ համայնքի գործոնը կա։ Բայց իսկապես մեծ հույսեր չեմ կապում այս նախաձեռնության հետ։ Նույնիսկ պետք է տեսնենք, թե ուր կհասնի Մակրոնի նախաձեռնությունը՝ դիմելու ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ բանաձեւ քվեարկելու առաջարկությամբ։ Բոլոր նրանք, որոնք հույս ունեին, որ Ֆրանսիան շատ ավելի ծանրակշիռ քայլ կաներ Ադրբեջանի հանդեպ, այսօր տեսնում են, որ երբ Ֆրանսիայի ՏԻՄ ներկայացուցիչները Կոռնիձոր են հասնում, միաժամանակ ֆրանսիական մեծ ընկերություններից մեկի նախագահը Ալիեւի հետ հանդիպում ուներ։ Այնպես որ, շատ ուշադիր հետեւություններ պետք է անել։
– Ի՞նչ հնարավորություն ու լուծում եք դուք տեսնում այսօրվա իրավիճակում։
– Ես կարճատեւ հատվածում այս հարցին լուծում չեմ տեսնում։ Իմ կարծիքով՝ ամբողջական վերանայման կարիք ունի Հայաստանի պետական տեսլականը, պետության կառուցվածքը։ Հիմնովին պետք է վերանայվի ինքնապաշտպանական համակարգը, որովհետեւ այս երկիրն այսպես չի կարող ինքն իրեն պաշտպանել։ Հայաստանի դեպքում երեւակայել, թե Շվեյցարիայի կամ այլ երկրների պես այստեղ մարդիկ պետք է անհոգ ապրեն, դա այդպես չէ։ Հայաստանի շրջապատը թույլ չի տա հանգիստ ապրել, հետեւաբար, հսկայական գործ կա անելու, բայց երկար ջանք է պահանջվելու։ Եվ արդեն շատ-շատ ժամանակ ենք կորցրել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.09.2023