JAMnews. Օգոստոսի 31-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գերմանիայում հանդիպել է իր գերմանացի գործընկեր Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ։ Լուսանկարները տարածել է նախագահի աշխատակազմը։ Իշխող կուսակցությունը հայտարարել է, որ Զուրաբիշվիլին «կոպտորեն խախտում է Սահմանադրությունը», քանի որ նախագահին եվրոպացի առաջնորդների հետ հանդիպելու թույլտվություն չեն տրամադրել, և այժմ նրան իմպիչմենտ է սպառնում։
Նախագահի աշխատակազմը հայտնել էր, որ Սալոմե Զուրաբիշվիլին մտադիր է մի շարք հանդիպումներ անցկացնել եվրոպացի առաջնորդների հետ՝ լոբբինգ իրականացնելու համար, որպեսզի նրանք աջակցեն Վրաստանին ԵՄ անդամության թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հարցում:
Իշխող ուժ․ «Նախագահը իմպիչմենտից խուսափելու համար ընդդիմության վրա է հույս դրել»
«Մենք գիտենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ է արտահայտվում երկրի եվրաինտեգրման շահերին։ Եվ կարևոր չէ՝ նա եվրաինտեգրման դեմ հայտարարություններ կանի Վրաստանի խորհրդարանում, թե արտասահմանյան այցի ժամանակ։ Մեր միջազգային գործընկերներն ամեն դեպքում կստանան այդ տեղեկատվությունը»,- ասել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։
«Նախագահը «կոպտորեն խախտում է Սահմանադրությունը»՝ «կոլեկտիվ ազգային շարժման աջակցությամբ» պատասխանատվությունից խուսափելու հույսով։ Սա, իհարկե, անպատասխան թողնել չենք կարող»,- զգուշացրել է նա։
Կարդացեք նաև
Կոբախիձեի խոսքով՝ նախագահին իմպիչմենտի ենթարկելու համար խորհրդարանում 100 ձայն է անհրաժեշտ։
Վրաստանի խորհրդարանում կա 150 պատգամավոր, նրա ներկայիս կազմում իշխող «Վրացական երազանքն» ունի 84 մանդատ։
«Սալոմե Զուրաբիշվիլին և «Ազգային շարժումը» ընդհանուր հովանավորներ ունեն, և նա նրանցից երաշխիքներ է ստացել։ Հակառակ դեպքում նման ռիսկի չէր դիմի և կոպտորեն չէր խախտի Սահմանադրությունը։
Հասարակությունը քիչ թե շատ տեղյակ է, թե ում նկատի ունենք: Դա համաշխարհային պատերազմի կուսակցությունն է»,- ասել է Կոբախիձեն։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: